Հրթիռակոծություններ Սիրիայում․ փորձելով պատասխանել մի քանի հարցի

Ապրիլի 14-ին՝ ժամը 5-ի սահմաններում, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական ուժերին։ Հրթիռակոծմանը ներգրավվել են երեք երկրների ավիացիան և ռազմանավերը։

Փորձել ենք պատասխանել հրթիռակոծության տեղերի, քանակի, կորուստների վերաբերյալ մի քանի հարցի։

Ի՞նչ ուղղություններով են եղել հարվածները։

Ըստ ԱՄՆ-ի և դաշնակիցների

Ըստ Պենտագոնի՝ Սիրիայում թիրախավորվել է 3 ուղղություն՝ Դամասկոսում և Հոմսում։ Դամասկոսում թիրախավորվել է գիտահետազոտական կենտրոնը, որը, ըստ ամերիկյան կողմի, զբաղված էր քիմիական և կենսաբանական զենքի մշակմամբ, փորձարկումներով և արտադրությամբ։

Երկրորդ ուղղությունը Հոմս նահանգի արևմտյան մասում է, որտեղ թիրախավորվել է քիմիական զենքի պահեստ, իսկ երրորդը՝ դրա մերձակայքում գտնվող հրամանատարական կետ է, որը նույնպես, ըստ ամերիկյան կողմի, կապված է քիմիական զենքի հետ։

Ըստ սիրիական կողմի

Սիրիայի բանակի կենտրոնական հրամանատարության հայտնած հարվածի ուղղությունները համընկնում են ԱՄՆ-ի և դաշնակիցների նշած ուղղությունների հետ։

Ըստ սիրիական կողմի՝  Դամասկոսում թիրախավորվել է Բարզա շրջանում գտնվող գիտահետազոտական լաբորատորիա։ Նշենք, որ հենց այդ շրջանում է գտնվում Սիրիայի ՊՆ գիտահետազոտական կենտրոնը։ Հարվածներից հետո եղած ավերածությունների նկարները ևս հաստատում են, որ ԱՄՆ-ն թիրախավորել է հենց այդ կենտրոնը։

Սիրիայի ՊՆ գիտահետազոտական կոնտրոնի շենքը

Սիրիայի ՊՆ գիտահետազոտական կոնտրոնի շենքը

Սիրիայի բանակի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ թիրախավորվել են նաև Հոմս նահանգում Սիրիայի բանակի դիրքերը։

Քանի՞ հրթիռ է արձակվել

Ըստ ամերիկյան կողմի՝ Սիրիայի ուղղությամբ ընդհանուր արձակվել է «ավելի քան 100» հրթիռ։ Սիրիական պաշտոնական աղբյուրները ևս մոտավոր նույնն են պնդում։ Սիրիայի բանակի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է 110 հրթիռի մասին։ Սիրիական կողմը պնդում է, որ իրենց ՀՕՊ-ը որսացել է մեծ թվով հրթիռներ։

Մե՞ծ էին ավերածությունները

Դատելով Դամասկոսի Բարզա շրջանում գտնվող Սիրիայի ՊՆ գիտահետազոտական կենտրոնի լուսանկարներից՝ դրանք բավական ուժգին էին, կային փլուզումներ։

Ինչ վերաբերում է Հոմսին, ապա առայժմ բաց աղբյուրներից չենք գտել թիրախավորված օբյեկտներից լուսանկարներ կամ տեսանյութեր՝ ավերածության չափը գնահատելու համար, ավելին՝ հայտնի չէ նաև, թե կոնկրետ որ օբյեկտներն են հրթիռակոծվել։

Ինչ վերաբերում է կորուստներին, ապա սիրիական կողմը դեռ հայտնել է միայն Հոմսում վիրավորված 3 քաղաքացիականների մասին։ Այլ տվյալներ հայտնի չեն, սակայն, մեծ հավանականությամբ, կորուստները շատ ավելի շատ են։

Արդյո՞ք լինելու է հարվածների շարք

ԱՄՆ-ն և դաշնակիցները հայտնում են, որ հարվածները մեկանգամյա էին, այսինքն՝ այս գործողությունն ավելի մեծ գործողության շղթայի մաս չէ։ Ինչ վերաբերում է Սիրիայում և, մասնավորապես, Դամասկոսում ներկայիս իրադրությունը, ապա հիմա հանդարտ է, մարդիկ դուրս են եկել տներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *