Թուրքական «Ասելսան» և «Հավելսան» ընկերությունները պայմանագիր են ստորագրել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) հետ այդ երկրի ռազմածովային ուժերի «Բարբարոս» դասի ֆրեգատները արդիականացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ասելսան» ընկերության պաշտոնական կայքը:
Ըստ հայտարարության՝ Ասելսան ընկերության՝ գործարքի մասնաբաժինը կազմելու է շուրջ 175 միլիոն եվրո և 457 միլիոն թուրքական լիրա (ընդհանուր առմամբ՝ 115 միլիոն դոլար): «Հավելսանի» մասնաբաժնի մասին տեղեկություններ չկան:
Նախատեսվում է նավերը արդիականացման աշխատանքները ավարտել մինչև 2025 թվականը:
Թուրքիայի ռազմածովային ուժերում գործում է «Բարբարոս» դասի 4 ֆրեգատ՝ «Բարբարոս» (F-244), «Օրուչռեիս» (F-245), «Սալիհռեիս» (F-246), «Քեմալռեիս» (F-247): Երկու նավերը կառուցվել են Գերմանիայի «Blohm + Voss» նավաշինարանում, իսկ մյուս երկուսը Թուրքիայի «Գյուլչյուք» նավաշինարանում՝ գերմանական տեխնոլոգիաներով:
Այս դասի նավերի մարտավարատեխնիկական բնութագիրը.
- Բեռնատարողությունը – մինչև 3350 տոննա
- Երկարությունը – «Բարբարոս» և«Օրուչռեիս» նավերինը՝ 116.7 մ., իսկ «Սալիհռեիս» և «Քեմալռեիս» նավերինը՝ 118 մ
- Լայնություն – 14.8 մ
- Թաղվածքը – 4.25 մ
- Կարող է տեղափոխել 24 սպա, 156 զինծառայող
- Նավերի վրա կարող են տեղակայվել Sikorsky SH-60 Seahawk կամ Bell UH-1N ուղղաթիռներ:
- Սպառազինությունում առկա են զենիթահրետանային համալիրներ, Mark 45 127 մմ-ոց հրետանային կայաններ, RIM-162 ESSM զենիթային հրթիռներ, Harpoon տեսակի հականավային թևավոր հրթիռներ:
Այս դասի նավերը կառուցվել են 1992-1998 թվականներին: «Բարբարոս» դասի վերջին ֆրեգատը՝ «Քեմալռեիսը» սկսվել է շահագործվել ՌԾՈւ-ում 2000 թվականի հունիսից: