Պենտագոնը ժամանակավորապես կասեցնում է F-35 կործանիչների գնումը. Reuters

Միացյալ Նահագների պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) ժամանակավորապես դադարեցրել է ամերկյան Lockheed Martin ընկերության արտադրության F-35 կործանիչների գնումը: Որպես պատճառ է նշվում կործանիչների արտադրության հարցում թույլ տված սխալները վերացնելու վերաբերյալ պայմանագրային անհամաձայնությունը: Այս մասին ապրիլի 12-ին հայտնում է Reuters գործակալությանը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ Պենտագոնի հայտարարությունում նշվում է հետևյալը.

«F-35-ների մատակարարումները ժամանակավորապես դադարեցվել են, մինչ կառավարությունը և Lockheed Martin ընկերությունը համաձայնության կհասնեն ինքնաթիռների արտադրության հետ կապված թերացումները շտկելու վերաբերյալ»: 

Հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ. ԱՄՆ ՌՕՈւ

Հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ. ԱՄՆ ՌՕՈւ

Աղբյուրը հայտնում է, որ սա կարող է ազդել նաև արտասահմանյան պատվիրատուների վրա: Այսինքն, հնարավոր է, որ այս կործանիչներից պատվիրած երկրները դրանք ստանան նախատեսվածից ավելի ուշ:

Նշենք, որ այս կործանիչներից պատվիրել է նաև Թուրքիան: Թուրքական կողմը դեռևս 2017-ի հուլիսին հայտարարել է, որ 2 միավոր F-35 կստանա 2019-ին: Իսկ մինչ այդ՝ 2016-ի նոյեմբերին, Թուրքիայի խորհրդարանում պլանավորման և բյուջեի հանձնաժողովի քննարկումների ժամանակ պաշտպանության նախկին նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել էր, որ F-35A կործանիչները ստանալու են 2018-ի ընթացքում: Այսինքն, այդ կործանիչների մատակարարման նախնական ժամկետ արդեն իսկ հետաձգվել է առնվազն 1 տարով:

Մինչ այժմ Թուրքիան ընդհանուր առմամբ պատվիրել է 6 միավոր F-35A կործանիչ-ռմբակոծիչ: Թուրքիան այս կործանիչների գնման մտադրության մասին հայտնել էր դեռևս 2014-ի մայիսին: Թուրքական կողմը նաև հայտնում է ընդհանուր առմամբ 100 նման կործանիչ գնելու մտադրության մասին։

Նշենք, որ Թուրքիան մասնակցում է նաև F-35A կործանիչների արտադրությանը: 2014-ի հունիսին Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) նահանգում բացվել է ամերիկյան Pratt & Whitney և թուրքական Kale ընկերությունների համատեղ գործարանը, որը նախատեսված է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի համար  F135 շարժիչի մասերի արտադրության համար:

Միևնույն ժամանակ Իսրայելի օդուժը արդեն ստացել է 7 միավոր ամերիկյան արտադրության F-35 կործանիչ: Վերջին 2-ը այն ստացել է 2017-ի սեպտեմբերին:

F-35-ը նախագծվել է ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից: Բացի բազային՝ F-35A տարբերակից, ԱՄՆ ծովային հետևակի համար նախագծվել է նաև F-35B տարբերակը՝ ուղղահայաց վայրէջքի և կարճ տարածքությունից մեկնարկային թռիչքի հնարավորությամբ, իսկ ԱՄՆ ՌԾՈւ-ի համար նախագծվել է F-35C տարբերակը, որը նախատեսված է ավիակրից թռիչքների համար:

Կործանիչն առաջին թռիչքը կատարել է 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *