Թուրքիայում լիազորել են ձերբակալել զինված ուժերի ևս 70 զինծառայողի

Ապրիլի 13-ին Թուրքիայի Քոնիա նահանգի դատախազությունը լիազորել է ձերբակալել զինված ուժերի ևս 70 գործող զինվորականի: Զինծառայողները կասկածվում են Ֆեթուլլա Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու համար: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները զինծառայողներին հայտնաբերելու համար գործողություններ են սկսել Քոնիա նահանգում:

Ստամբուլի դատախազությունն էլ լիազորել ռազմածովային ուժերում ծառայող շուրջ 70 մարդ, այդ թվում նաև՝ քաղաքացիական ծառայողների: 18 մարդ արդեն ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Թուրքիայի ոստիկանության ստորաբաժանումները ձերբակալել են երկրի ռազմածովային ուժերի 13 զինծառայողի: Նրանք նույնպես մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի «կազմակերպության հետ կապ ունենալու համար:

Այս տարվա հունվարին թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու և Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» անդամ լինելու մեղադրանքով շուրջ 320 մարդ ցմահ ազատազրկվել է: Հաջորդ ամիսներին ձերբակալություններն ու դատավարությունները ևս շարունակվել են:

Թուրքիայի իշխանությունը հեղաշրջման փորձի համար մեղադրում է ամերիկաբնակ թուրք, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքում է մեղադրանքը:

Հետապնդումների, ձերբակալությունների, հեռացումների պատճառով Թուրքիայի ուժայիններում զինծառայողների և հատկապես սպաների ու օդաչուների պակաս է նկատվում: 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև այժմ Թուրքիայում «արտակարգ իրավիճակ» է հայտարարված:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *