Ապրիլի 12-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները ձերբակալել են երկրի ռազմածովային ուժերի 13 զինծառայողի: Նրանք մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի «կազմակերպության հետ կապ ունենալու համար: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ձերբակալվածների թվում կան նաև մայորներ, կապիտաններ, լեյտենատներ: Եվս 7 զինծառայողի նկատմամբ ձերբակալման օրդեր է տրված, նրանց հայտնաբերման համար գործողությունները շարունակվում են:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ոստիկանությունը ձերբակալել է ևս 17 գործող զինվորականի, ովքեր ևս «մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի «հետ կապ ունենալու» համար:
Մարտի 6-ին Անկարայի ծանր հանցագործությունների 11-րդ դատարանը որոշում է ընդունել 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ երկրի ռազմածովային ուժերում տեղի ունեցած դեպքերի գործով ցմահ ազատազրկել ՌԾՈւ 65 ծառայողի:
Այս տարվա հունվարին թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու և Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» անդամ լինելու մեղադրանքով շուրջ 320 մարդ ցմահ ազատազրկվել է: Հաջորդ ամիսներին ձերբակալություններն ու դատավարությունները ևս շարունակվել են:
Թուրքիայի իշխանությունը հեղաշրջման փորձի համար մեղադրում է ամերիկաբնակ թուրք, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքում է մեղադրանքը:
Հետապնդումների, ձերբակալությունների, հեռացումների պատճառով Թուրքիայի ուժայիններում զինծառայողների և հատկապես սպաների ու օդաչուների պակաս է նկատվում: 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև այժմ Թուրքիայում «արտակարգ իրավիճակ» է հայտարարված: