«Ես եմ» ծրագրով ծառայածներին 5 մլն դրամ վճարելու կարգը, պայմանները

ՀՀ ժամանակավոր կառավարությունը հաստատել է կարգը, որով հստակեցվել են «Ես եմ» ծրագրով ծառայության ավարտին տրվող վճարի չափը, դրա տրամադրման կարգը, օգտագործման ուղղությունները և պայմանները։ Զինծառայողին տրվելու է 5 մլն դրամ, որը նա օգտագործելու է նպատակային։


Պատվովճարը հաշվարկվում է առավելագույն չափով, իսկ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված և ծառայությունից ժամկետից շուտ արձակված զինծառայողի պատվովճարը հաշվարկվում է 5 մլն դրամը 36 ամսվա վրա բաժանելու և այդ թիվը ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում։

[Օրինակ, եթե քաղաքացին նշված պատճառներով ծառայել է ոչ թե նախապես նշված 36 ամիսը, այլ, ենթադրենք, 24 ամիս, ապա նա կստանա շուրջ 3 մլն 330 հազար դրամ (5 մլն-ը բաժանած 36-ի ստացվում է ամսական շուրջ 138 հազար դրամ: Այն ծառայած ամիսների թվով բազմապատկելու դեպքում ստացվում է գումարը, որ զինծառայողը կստանա)]՝ խմբ.:

Այդ հաշվից գումարը կարող է օգտագործվել միայն հետևյալ ուղղություններով․

  1. Հայաստանի և Արցախի պետական և հավատարմագրված ոչ պետական կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական և/կամ բարձրագույն և/կամ հետբուհական կրթական ծրագրերով ուսումնառության ուսման վարձի ֆինանսավորում,
  2.  Հայաստանում և Արցախում կառուցված կամ կառուցվող բազմա­բնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկի կանխավճարի և/կամ ամսական վճարի ֆինանսավորում,
  3.  Հայաստանում և Արցախում գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության (ներառյալ՝ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ) ֆինանսավորում.

Զինծառայողը կարող է պատվովճարն օգտագործել թե՛ սահմանված մեկ ուղղությամբ, թե՛ մեկից ավելի ուղղություններով:

Պատվովճարը կանխիկ գումար չէ, այն փոխանցվում է զինծառայողի անվամբ բանկում բացված հաշվին: Գումարը կանխիկացման ենթակա չէ՝ բացառությամբ․

  • Ժառանգման,
  • Ուսման վարձի վճարումները բանկի կողմից իրականացվում են ուսումնական կիսամյակների կտրվածքով: Եթե համապատասխան ուսհաստատությունը տեղեկանք է տալիս, որով ուսման տարիների վարձը պակաս է պատվովճարից, ապա դրանց տարբերությունը (ոչ ավելի, քան պատվովճարի գումարի 20%-ը), ատվովճար ստացող քաղաքացու ցանկությամբ և բանկին ներկայացված դիմումի հիման վրա, բաժանվում է ուսման բոլոր ամիսների վրա և յուրաքանչյուր ամսվա համար ստացված գումարը կանխիկ կամ այլ եղանակով բանկի կողմից վճարվում է պատվովճար ստացող քաղաքացուն` որպես կենսապահովման ծախս:

Բանկը քաղաքացու համար պատվովճարի գումարի հաշվի բացումն ու սպասարկումը, ինչպես նաև այդ հաշվից գումարների փոխանցումներն իրականացնելու է անվճար, ինչպես նաև պարտավորվում է պատվովճարի գումարի հաշվին առկա դրական մնացորդի դիմաց քաղաքացուն վճարել տոկոս` պայմանագրով սահմանված չափով։

«Ես եմ» ծրագրին և դրա պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *