ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում քննարկելու է սիրիական հակամարտությունը

Ապրիլի 16-ին ՆԱՏՕ-ի քարտուղար Յենս Ստոլտենբերգը այցելելու է Թուրքիա: Նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի նախագահի, ուժային կառույցների ղեկավարների, արտգործնախարարի հետ: Հանդիպումների օրակարգում է լինելու սիրիական հակամարտությունը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները (1, 2):

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն

Ստոլտենբերգը մասնավորապես հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանին, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիին, ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարին, ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուին: Կողմերը քննարկելու են նաև Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի զինուժի գործողությունները. ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները և այլ հարցեր:

Նշենք, որ ապրիլի 12-ին Թուրքիայի նախագահը նաև հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հետ և քննարկել է նրա հետ Սիրիայում վերջին զարգացումները, Արևելյան Ղուտայում իրավիճակը:

Նշենք, որ Թուրքիայի և Արևմուտքի երկրների միջև հարաբերությունները վերջին մի քանի տարիներին բավականին լարված են: Այդ լարվածությունը պայմանավորված է նաև սիրիական հակամարտությամբ և քրդական հիմնախնդրով:

Թուրքիան պարբերաբար մեղադրում են ԱՄՆ-ին, Եվրոպայի երկրներին Սիրիայի քրդական ուժերին աջակցելու համար, որոնց համարում է «ահաբեկչական կառույցներ»:  Թուրքիան հայտարարում է, որ Աֆրինում քրդերի դեմ գործողություններից հետո շարունակելու են գործողությունները նաև սիրիական Մանբիջ քաղաքում և այլ տարածքներում: Թուրքական կողմը նաև պնդում էր, որ Մանբիջի հարցում ԱՄՆ հետ համաձայնության են եկել, սակայն ամերիկյան կողմը հերքել է այս տեղեկությունը:

Մյուս կողմից որոշակի լարում է առկա Թուրքիայի՝ Ռուսաստանից Ս-400 զենիթահրթռիային համալիրների գնման հետ կապված: Թուրքիան հայտարարում է, որ Արևմուտքի երկրները չեն ցանկացել Թուրքիային ՀՕՊ համակարգեր վաճառել իրենց ներկայացրած պահանջներով, այդ պատճառով նրանք որոշել են Ռուսաստանից դրանք գնել: Պայմանագիրն արդեն կնքվել է, կողմերը քննարկում են մատակարարման հարցը: Ապրիլի սկզբին ՌԴ նախագահի Թուրքիա այցի ընթացքում հայտնի  դարձավ, որ մատակարարումները սկսելու են 2019-ի հուլիսից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *