Ի՞նչ պայմաններով արվեստագետներին կտրվի զինծառայությունից տարկետում

Մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար ՀՀ քաղաքացիները պարտադիր զինծառայությունից տարկետում կստանան կառավարության որոշմամբ՝ հատուկ հանձնաժողովի եզրակացությամբ: Օրինագիծն այսօր՝ ապրիլի 12-ի նիստի ընթացքում, ընդունել է ՀՀ ժամանակավոր կառավարությունը։

Տարկետում կարող են ստանալ․

  • կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն մեկ նախագծի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթող կամ մրցանակակիր դարձած ու մշակույթի և արվեստի բնագավառներում ՀՀ պատվավոր կոչում ստացած քաղաքացիները,
  • կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն երկու նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները,
  • միջազգային հեղինակավոր հարթակներում/բեմերում և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները:

Տարկետման ավարտից հետո զորակոչիկը կրկին կարող է դիմել տարկետում ստանալու համար, սակայն հաշվի չեն առնվելու նախկինում տարկետում տրամադրելու համար հիմք դարձած պայմանները, բացառությամբ՝ ՀՀ պատվավոր կոչում ունենալու պայմանը:

Տարկետում տալու վերաբերյալ եզրակացությունը տալու է հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը։  Հանձնաժողովում լինելու է ոչ պակաս, քան՝ 11 մարդ՝ ՊՆ և մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի հեղինակավոր մասնագետներ։ Հանձնաժողովը դիմումների առկայության դեպքում ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ հրավիրելու է նիստ։

Եզրակացություններն արվելու են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով: Նիստերը տեսաձայնագրվելու են,  կարող են մասնակցել նաև դիմած քաղաքացին կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն մեկ անձից ոչ ավելի: Կարող են ներկա գտնվել նաև ՀԿ ներկայացուցիչներ և լրագրողներ:

Զորակոչիկը պետք է մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը կամ նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնի լիազոր մարմին՝ ներկայացվնելով են նվաճումները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև առնվազն 2 ՀՀ ժողովրդական արտիստ երաշխա­վո­րագրեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *