Ստամբուլում «Իսլամական պետությանը» անդամակցելու մեղադրանքով 15 մարդ է ձերբակալվել

Ապրիլի 11-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով ձերբակալել են 15 մարդու: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Ձերբակալվածները այլ պետությունների քաղաքացիներ են: Նրանց ձերբակալման համար ոստիկանական ուժերը գործողություն են իրականացրել Ստամբուլի քաղաքի միանգամից մի քանի թաղամասերում:

Անկարայում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար մեղադրվողներին ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան (արխիվ)

Անկարայում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար մեղադրվողներին ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան (արխիվ)

Հիշեցնենք, որ ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ 2018-ի մարտին  Թուրքիայի ուժային կառույցները ձերբակալել են 245 մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» անդամ լինելու կամ այդ կառույցի հետ կապ ունենալու համար:

Այս տարվա փետրվարին բրիտանական The Economist հանդես հայտնել է, որ «Իսլամական պետության» զինյալները Իրաքում և Սիրիայում պարտություն կրելուց հետո այդ երկրներից դուրս են բերել շուրջ 400 միլիոն ամերիկյան դոլար: Զինյալների գումարների մի մասը տարբեր միջոցներով հայտնվել է Թուրքիայում, որտեղ էլ դրանք օգտագործվում են կազմակերպության «քնած բջիջները» պահելու համար: Հանդեսի հետազոտությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Ավեի վաղ էլ թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:

Նմանատիպ տեղեկություններ էր 2017-ի հոկտեմբերին տարածել նաև սիրիական մերձընդդիմադիր, Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունը: Ըստ դրա՝ «Իսլամական պետության» տասնյակ դաշտային հրամանատարներ հազարավոր դոլարներ են վճարում Թուրքիայի տարածք անցնելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *