Սիրիայի Աֆրին շրջանը չի հանձնվի Ասադի ղեկավարությանը. Թուրքիայի ԱԳ նախարար

Ապրիլի 11-ին, արձագանքելով Սիրիայի Աֆրին շրջանի վերաբերյալ Սերգեյ Լավրովի հայտարարությանը,  Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի Աֆրին շրջանը չի հանձնվելու Բաշար ալ-Ասադի ղեակավարությանը: Փոխանցում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

«Աֆրինում Ռուսաստանի հետ համակարգման վիճակում ենք: Սիրիայի տարածքների վրա աչք չենք դրել: Աֆրինը ռեժիմին [Անկարան այդպես է անվանում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ղեկավարությանը – խմբ.՝ Ռազմինֆոյի] չի հանձնվելու», – հայտարարել է Չավուշօղլուն:

Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահը նույնպես արձագանքել էր այդ հայտարարությանը՝ նշելով, որ «ոչ մեկ չի կարող Թուրքիային ասել, թե ինչ անի»:

Ապրիլի 9-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան կվերադարձնի Աֆրին շրջանի վերահսկողությունը Սիրիայի կառավարությանը: Նույն օրը Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը նշել է, որ իրենք «Աֆրինում չեն մնալու, այլ այն հանձնելու են տեղացի բնակիչներին»: Այս մասին առավել մանրամասն այստեղ:

Աֆրինում թուրքական զինուժի գործողությունները քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ, սկսել են 2018-ի հունվարի 20-ից: Ներկայում Անկարային վերահսկողության տակ է արդեն Աֆրինի մեծ մասը: Սիրիայի իշխանությունները մշտապես դեմ են եղել Թուրքիայի գործողություններին և Դամասկոսը բազմիցս մեղադրել է Անկարային Սիրիայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *