Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» ևս 17 գործող զինվորական է ձերբակալվել

Ապրիլի 11-ին Թուրքիայի տարբեր նահանգներում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները ձերբակալել են 17 գործող զինվորականի, ովքեր «մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու» համար: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. 2016-ի հուլիս

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. 2016-ի հուլիս

Կայսերի նահանգի դատախազություն է նաև լիազորել է Թուրքիայի զինված ուժերում «իմամություն իրականացրած» 11 մարդու ձերբակալելու համար: Ընդհանուր առմամբ 28 մարդու ձերբակալման օրդեր է տրվել: Կասկածյալներից 21-ն արդեն իսկ ձերբակալվել են:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Անկարայի ծանր հանցագործությունների 11-րդ դատարանը վճռել է Թուրքիայի ցամաքային զորքերի 28-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատարությանը կից տանկային գումարտակի անձնակազմից 38 հոգու ցմահ ազատազրկել:

Այս տարվա հունվարին թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու և Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» անդամ լինելու մեղադրանքով շուրջ 320 մարդ ցմահ ազատազրկվել է: Հաջորդ ամիսներին ձերբակալություններն ու դատավարությունները ևս շարունակվել են:

Թուրքիայի իշխանությունը հեղաշրջման փորձի համար մեղադրում է ամերիկաբնակ թուրք, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքում է մեղադրանքը:

Հետապնդումների, ձերբակալությունների, հեռացումների պատճառով Թուրքիայի ուժայիններում զինծառայողների և հատկապես սպաների ու օդաչուների պակաս է նկատվում: 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև այժմ Թուրքիայում «արտակարգ իրավիճակ» է հայտարարված:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *