Ապրիլի 10-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է և ստուգումներ է իրականացրել ցամաքային զորքերի 1-ին բանակի 2-րդ կորպուսի ստորաբաժանումներում և զորամասերում: Նույնը օրը ստուգումներ են անցկացվել նաև ՌԾՈւ-ին կից Նավատորմի հրամանատարության ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Աքարը մասնավորապես այցելել է Գյոլչյուք և Գելիբոլու (Գալիպոլի) քաղաքներում տեղակայված Նավատորմի հրամանատարության ստորաբաժանումներ:
Հուլուսի Աքարին ուղեկցել են ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարներ Յաշար Գյուլերը, Հասան Քյուչյուքաքյուզը, Ադնան Օզբալը: Աքարը հայտարարել է, որ իրենք Էգեյան և Միջերկարական ծովում «որևէ մի իրողություն թույլ չեն տա»:
Նշենք, որ ցամաքային զորքերի 1-ին բանակի վերահսկողության ներքո Թուրքիայի արևմտյան շրջաններն են, շտաբը տեղեկայված է Ստամբուլում: Այդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են նաև Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմաններին:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը այցելել է երկրի նաև արևմտյան Իզմիր նահանգ և ստուգումներ արել Էգեյան բանակի ստորաբաժանումներում:
Թուրք-հունական հարաբերություններում կրկին լարվածություն է նկատվում այն բանից հետո, ինչ ապրիլի 4-ին Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը հայտարարել է, որ իր հրամանով շուրջ 7000 հավելյալ զինծառայող է ուղարկվելու Էգեյան ծովի կղզիներ և Հունաստանի հյուսիսարևելյան սահմանային գոտիներ՝ Թուրքիայի սադրանքները կանխելու համար:
Վերջին մի քանի ամսում ՆԱՏՕ-ի անդամ այս երկու երկրների հարաբերությունները կրկին սրվել են: Թուրքիայի և Հունաստանի զինված ուժերի միջև պարբերաբար միջադեպեր են գրանցվում մասնավորապես Էգեյան ծովի Իմիա, կամ թուրքական անվամբ՝ Քարդաք կղզում:
Մանրամասն վերջին զարգացումներին կարող եք ցանոթանալ այս հոդվածներում.