Ապրիլի 10-ին Բելառուսում մեկնարկել է ռուս-բելառուսական դեսանտավորման համատեղ վարժանքների ակտիվ փուլը։ Զորավարժությանը մասնակցում են Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի 38-րդ դեսանտա-գրոհային բրիգադը և Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի 76-րդ դեսանտա-գրոհային դիվիզիան։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը։
Զորավարժությանը Ռուսաստանի և Բելառուսի ԶՈւ զինծառայողները դեսանտավորվելու են նախանշված վայրերում և իրականացնելու պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը և անօրինական զինված խմբավորումները շրջափակելու և ոչնչացնելու գործողություններ։
Զորավարժությանը ընդհանուր առմամբ նեգրավված է ավելի քան 600 զինծառայող, շուրջ 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ Բելառուսի ԶՈւ Մի-8 ուղղաթիռներ։
ՌԴ ԶՈւ դեսանտայինների համար սա 2018 թվականի առաջին միջազգային զորավարժությունն է Ռուսաստանի սահմաններից դուրս։
Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերի 9-11-ը Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերը և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները համատեղ զորավարժություն էին անցկացրել Պսկովում։ Զորավարժությանը ներգրավված էր 1000 զինծառայող, 200 միավոր զինտեխնիկա։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 14-20-ը Ռուսաստանում և Բելառուսում անցկացվում էր ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունը։