Ապրիլի 9-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան կվեարադարձնի Աֆրին շրջանի վերահսկողությունը Սիրիայի կառավարությանը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Նախագահ Էրդողանը երբեք չի հայտարարել է, որ ցանկանում է օկուպացնել Աֆրինը: Եվ մենք միշտ ելնում ենք նրանից, որ Աֆրինում ներկայում իրավիճակի կարգավորման ամենապարզ մեթոդը կլինի այդ տարածքը վերադարձնել Սիրիայի կառավարության վերահսկողությանը՝ եթե հաշվի առնենք, որ թուրք ներկայացուցիչները ասում են, որ Աֆրինում իրենց առջև դրված նպատակներին հասել են», – հայտարարել է Լավրովը:
Նույն օրը Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, պատասխանելով Սերգեյ Լավրովի հայտարարությանը, նշել է, որ իրենք «Աֆրինում չեն մնալու, այլ այն հանձնելու են տեղացի բնակիչներին»: Փոխանցում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
«Թուրքիայի զինված ուժերը Աֆրինում օկուպանտ չեն, ոչ էլ մշտապես մնացող: Ինչպես «Եփրատի վահան» գործողության ընդգրկած տարածքները մաքրեցինք ահաբեկիչներից և վերադարձրինք իրական տերերին, «Ձիթենու» ճյուղ գործողության ընթացքում էլ Աֆրինի շրջանը կհանձնենք աֆրինցիներին: Նրանք կշարունակեն իրականացնել բոլոր գործերն ու անհրաժեշտությունները իրենց ղեկավարությունը կազմել համար», – հայտարարել է Բոզդաղը:
Սակայն, թուրք գործչի հայտարարությունը հեռու է իրականություն լինելուց: Թուրքական կողմը նույնիսկ, եթե դուրս բերի իր զինծառայողներին Աֆրինից, ամեն դեպքում Աֆրինում վերահսկելու են Անկարային աջակից զինյալները և Թուրքիայում պատրաստություն անցած ոստիկանական խմբերը: Թուրքական կողմը հայտարարել է, որ ոստիկանական ուժեր է կազմելու Աֆրինի բնակիչներից:
Միևնույն ժամանակ, թուրքական կողմը միայն ռազմական տեսանկյունից չի գրավում Սիրիայի տարածքները: Այդ տարածքներում Անկարան արագ կերպով կառուցում է ենթակառուցվածքներ, փորձում է իր ազդեցությունը մեծացնել տեղացիների շրջանում՝ օգտագործելով կրոնական, կրթական և այլ ոլորտները:
Դեռևս մարտի վերջին թուրքական մամուլում ակտիվորեն տարածվում էին նկարներն ու տեսագրությունները, թե ինչպես են Աֆրինում երեխաները դպրոց գնում Թուրքիայի դրոշներով: Թուրքական կողմը հայտարարում էր, որ մի քանի տարի անց Աֆրինում դպրոցները իրենց նորմալ կյանքին են վերադառնում, այսպես կոչված «քրդական ահաբեկչությանը» վերջ է դրվել: Հատկանշական է նաև, որ թուրքական մի շարք պարբերականներ մարտի 26-ին լույս են տեսել «ահաբեկչություն վերջացավ, դպրոցը սկսվեց» գլխաշապիկներով:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Աֆրինում իրենք վալի [նահանգի քաղաքացիական-վարչական գործերի կառավարիչ Թուրքիայում, նահանգապետ – խմբ.՝ Ռազմինֆոյի] են նշանակելու, ով էլ, ենթադրաբար, լինելու Անկարայի համար ընդունելի ինչ-որ մեկը:
Այսինքն Անկարան Աֆրինում փորձում է ստեղծել ենթակառուցվածքներ, որոնց միջոցով ամրապնդում է իր դիրքերը Սիրիայի հյուսիսային ևս մեկ շրջանում: Աֆրինում Թուրքիայի նմանատիպ գործողությունները և սիրիական տարածքները յուրացնելու գործընթացները նոր երևույթ չեն: Իրականում նմանատիպ երևույթի ականատես ենք լինում նաև Սիրիայի հյուսիսային այն շրջաններում, որոնք թուրքական զինուժը գրավել է 2016-2017 թվականներին «Եփրատի վահան» գործողության ընթացքում:
Նշենք, որ ապրիլի 9-ին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ այն երկրները, որոնք առանց Սիրիայի կառավարության հետ համակարգելու են մուտք գործել Սիրիա, պետք է լքեն այդ երկիրը։ Ավելի վաղ Անկարայում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նույնպես շեշտել էր, որ պետք է պահպանվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը և Աֆրինի նկատմամբ հաստատվի սիրիական բանակի վերահսկողությունը։
Աֆրինում թուրքական զինուժի գործողությունները քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ, սկսել են 2018-ի հունվարի 20-ից: Ներկայում Անկարային վերահսկողության տակ է արդեն Աֆրինի մեծ մասը: Սիրիայի իշխանությունները մշտապես դեմ են եղել Թուրքիայի գործողություններին և Դամասկոսը բազմիցս մեղադրել է Անկարային Սիրիայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար: