2018-ի ապրիլին Թուրքիայի ժանդարմերիան ստանալու է ևս 2 միավոր T-129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռ: Այդպիսով ժանդարմերիայում այդ ուղղաթիռների քանակը կհասնի 3-ի: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Այս ուղղաթիռները կրելու են J-1299 «Օսման Գազի» և J-1071 «Ալփարսլան» անվանումները: Դրանք խորհրդանշական և քարոզչական բնույթ են կրում, քանի որ Օսման Գազին, եղել է Օսմանյան պետության հիմնադիրը, իսկ Ալփարսլանը եղել է Սելջուկյան դինաստիայի սուլթան, ով 1071-ին գրավել է Մանազկերտը:
Հիշեցնենք, որ ժանդարմերիան, որը իր անձնակազմով և սպառազինությամբ երկրորդ ուժային կառույցն է թուրքական բանակից հետո, ստացել է իր առաջին «Աթաք» ուղղաթիռը այս տարվա փետրվարի վերջին: Այն անվանվել է J-1453 Fatih: Fatih-ը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «նվաճում», իսկ 1453-ը Կ. Պոլսի «նվաճման» տարեթին է:
Դեռևս դեկտեմբերին թուրքական կողմը հայտնել էր, որ այս ուղղաթիռներից 18 միավոր կստանա ժանդարմերիան, իսկ ևս 9 միավոր՝ Անվտանգության գլխավոր տնօրինությունը (ոստիկանություն): Երկուսն էլ ներկայում ներքին գործերի նախարարությանը ենթակա կառույցներ են:
Ավելացնենք, որ Թուրքիայի բանակը մինչ օրս ստացել է 25 միավոր նման ուղղաթիռ, այն էլ՝ առնվազն 3 տարվա ընթացքում: Ուղղաթիռներից մեկը Թուրքիան արդեն հասցրել է կորցնել Սիրիայի Աֆրին շրջանում 2018 թ. հունվարի 20-ից սկսած ռազմագործողության ընթացքում:
T-129 Atak հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.
- Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
- Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
- Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
- Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
- Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ: