[Թարմացված] Սիրիայում ավիաբազայի հրթիռակոծության հետևանքով սպանվել է նաև ԻՀՊԿ գնդապետ

Ապրիլի 9-ին Սիրիայի Հոմս նահանգում գտնվող T-4 ավիաբազայի հրթիռակոծության հետևանքով սպանվել են իրանցի 4 զինծառայող։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Սպանվածներից մեկը գնդապետ է: 

Սպանված զինծառայողներն են Սեյյեդ Ամար Մուսավին, Մահդի Լոթֆի Նիասարը, Աքբար Զավար Ջաննաթին և Մահդի Դեհղան Յազդալին։

Իրանական  «Asriran»լրատվակայքը, հղում անելով «Rajanews» լրատվակայքին, հայտնում է, որ Մեհդի Դեհղան Յազդալին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ԱԹՍ-ների ստորաբաժանումից էր, կոչումով՝ գնդապետ։

[Թարմացում] Ավելի ուշ «Ֆարս» լրատվական գործակալությունը հայտնել է հրթիռակոծության հետևանքով սպանված ևս 3 զինծառայողի անուն (Համեդ Ռեզայի, Մորթեզա Բասիրիփուր, Հեջաթոլլահ Չամանի)։ Այսպիսով  ընդհանուր առմամբ հայտնի է սպանված 7 իրանցի զինծառայողի մասին։

Հիշեցնենք, որ T-4 ավիաբազայի հրթիռակոծման տեղեկությունը հաստատել է Սիրիայի պետական լրատվական գործակալությունը, սակայն, չի հայտնել, թե ով է եղել հարվածի աղբյուրը։ Շրջանառվող հավանական տարբերակները երկուսն էին՝ ԱՄՆ-ն կամ Իսրայելը։ ԱՄՆ-ն հերքել է հարվածներին իր ներգրավվածությունը, իսկ Իսրայելի բանակը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։

Ըստ իրանական աղբյուրների՝ ավիաբազան հրթիռակոծել է Իսրայելը։

ՌԴ ՊՆ-ն նույնպես հայտնել է, որ հարվածները իրականացրել է Իսրայելը։ Ըստ դրա՝ Լիբանանի տարածքից Սիրիա է մտել Իսրայելի ՌՕՈւ 2 միավոր F-15 և 8 հրթիռ արձակել բազայի ուղղությամբ։

Նշենք նաև, որ փետրվարին ևս Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ էր հասցրել Սիրիայի տարածքում։ Ըստ Իսրայելի բանակի՝ իրենք թիրախավորել էին ԱԹՍ-ների ղեկավարման իրանական օբյեկտ։ Իսրայելի բանակը չէր հայտնել, թե Սիրիայի որ մասում է հարվածներ հասցրել, սակայն կարծիքներ կան, որ փետրվարյան հարվածները եղել են կրկին հենց T-4 ավիաբազայի տարածքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *