Նախորդ շաբաթ հանկարծակի զորավարժություն է անցկացվել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումներում: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խոսքով՝ առաջին անգամ անմիջապես պահպանության տեղամասում, նաև մասամբ մարտական հրաձգությամբ, խաղարկել են լեռնային պայմաններում մարտական հնարավոր գործողությունների սցենար:
«Սա մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի մենք փորձարկենք այն հնարավոր գործողությունները, որոնք կարող են տեղի ունենալ մարտական գործողությունների վերսկսման ժամանակ, [ինչպես] նաև մեր անձնակազմին ուսուցանենք բարդ լեռնային պայմաններում մարտական գործողություն վարել», – հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Զորավարժության սցենարով ՀՀ զինուժը կասեցրել է հակառակորդի հանկարծակի հարձակումը, ոչնչացրել վերջինիս ստորաբաժանումները՝ կիրառելով նոր տեխնոլոգիաներ:
Բանակային զորամիավորման հրամանատարը նշել է, որ բացի զորքերի պատրաստականության ստուգումից, զորավարժության նպատակներից մեկը նաև Քարվաճառի բնակչության, ինչպես նաև Սոթք-Քարվաճառ մայրուղու անվտանգության ապահովման խաղարկումն էր:
Վարժանքներին ներգրավվել են նաև ՀՀ ԶՈւ ավիացիայի ստորաբաժանումներ, այդ թվում՝ Մի-24 հարվածային ուղղաթիռներ, Սու-25 գրոհիչներ: Ըստ սցենարի՝ հակառակորդը փորձել է հանկարծակի գրոհ սկսել՝ հիմնականում ներգրավելով հատուկ նշանակության ուժեր: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ավիացիայի և հրետանու հարվածների միջոցով ոչնչացրել են հակառակորդի ստորաբաժանումները, հայտնաբերված պահեստազորը, օբյեկտներն ու նշանակետերը, վերականգնել դրությունը` հակառակորդին ստիպելով կնքել կրակի դադարեցման համաձայնագիր. հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
- ՀՀ ԶՈւ ապրիլյան վարժանյքներից. Սու-25 գրոհիչ
- ՀՀ զինուժի վարժանքներից. Մի-24. 07.04.2018
- ՀՀ ԶՈւ ապրիլյան վարժանքներից. 2018 թ.
- ՀՀ ԶՈւ զորավարժություն. ապրիլ 2018 թ.
- ՀՀ ԶՈւ ապրիլյան զորավարժությունից. Մի-24 հարվածային ուղղաթիռներ. 07.04.2018
- ՀՀ ԶՈւ զորավարժություն. ապրիլ 2018 թ.
- ՀՀ ԶՈւ զորավարժություն. ապրիլ 2018 թ.