Թուրքիան Հունաստանի պարագայում բազմիցս հանդես է եկել սադրիչ քայլերով. Ռուբեն Մելքոնյան

Ապրիլի 6-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է երկրի արևմտյան Իզմիր նահանգ և ստուգումներ արել Էգեյան բանակի ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Հուլուսի Աքարին ուղեկցել են նաև ցամաքային զորքերի հրամանատար Յաշար Գյուլերը, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարներ Հասան Քյուչյուքաքյուզը և Ադնան Օզբալը:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Էգեյան բանակի ստորաբաժանումներ. ապրիլ 2018 թ.

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Էգեյան բանակի ստորաբաժանումներ. ապրիլ 2018 թ.

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը հայտարարել է, որ իր հրամանով շուրջ 7000 հավելյալ զինծառայող է ուղարկվելու Էգեյան ծովի կղզիներ և Հունաստանի հյուսիսարևելյան սահմանային գոտիներ՝ Թուրքիայի սադրանքները կանխելու համար: 

«Այն ինչի կարիքը մենք ունենք, ամբողջ հունական ժողովրդի զգոնությունն է ընդդեմ հակառակորդի, թշնամու, որը շարունակում է մեզ սադրել: Մենք չենք վախենում և չենք խոնարվում նրանց սադրանքների, սպառնալիքների և նրանց վիրավորանքների առջև: Դրանք մեզ ավելի ուժեղ են դարձնում», – հայտարարել է Կամմենոսը: 

Վերջին մի քանի ամսում ՆԱՏՕ-ի անդամ այս երկու երկրների հարաբերությունները կրկին սրվել են: Թուրքիայի և Հունաստանի զինված ուժերի միջև պարբերաբար միջադեպեր են գրանցվում մասնավորապես Էգեյան ծովի Իմիա, կամ թուրքական անվամբ՝ Քարդաք կղզում: Մեզ հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ  կողմերը ժամանակ առ ժամանակ փոխադարձ սպառնալիքներով են հանդես գալիս քաղաքական և ռազմական հարթություններում:

«Հունաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը նորություն չէ, այլ այդ ավանդական հռետորաբանության շարունակությունն է: Միանշանակ պետք է ընկալել, ու Թուրքիան Հունաստանի պարագայում բազմիցս հանդես է եկել սադրիչ քայլերով, որոնք վերաբերում են նաև Էգեյան կղզիներին և հենց ինքն է իր քայլերով սրել առկա իրավիճակը», – նշում է թուրքագետը:

Քարդաք կամ Իմիա և հարակից կղզիների հարցում Թուրքիան և Հունաստանը մշտապես ունեցել են անհամաձայնություններ ու նման միջադեպերը գրեթե մշտական բույթ են կրում: Սակայն զինծառայողների նոր կուտակումների դեպքում հնարավոր է, որ Էգեյան ծովում նկատվի իրավիճակի էլ ավելի մեծ էսկալացիա:

Միջադեպ Հունաստանի ՊՆ և Թուրքիայի ՆԳՆ նավերի միջև Էգեյան ծովում. 28.01.2018

Միջադեպ Հունաստանի ՊՆ և Թուրքիայի ՆԳՆ նավերի միջև Էգեյան ծովում. 28.01.2018

Բացի այս, վերջին տարիներին հարթ չեն նաև Թուրքիա-արևմուտք հարաբերությունները: Ռուբեն Մելքոնյանը նշում է, որ թուրք-հունական հարաբերությունների լարվածությունը պետք է նաև դիտարկել Թուրքիա-Արևմուտք լարվածության ծիրում: Ըստ թուրքագետի՝ Անկարան անպատասխան չի թողնի Հունաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը:

«Թուրքիայի կողմից կհետևի ոչ պակաս ագրեսիվ հայտարարություն, պատասխան և միգուցե նաև այդ պատասխանին հետևի սիմվոլիկ որոշակի քայլեր, այսինքն զորքերի տեղաշարժ. նավատորմի տեղաշարժ, ռազմական պատրաստվածության առաջին աստիճանի հրահանգ: Քայլեր, որոնք իրական ռազմական բաղադրիչ ունեն, բայց նաև քարոզչական բնույթը են կրում», – նշում է Ռուբեն Մելքոնյանը:

Ուշագրավ է նաև այն, որ այս լարվածության ֆոնին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շեշտել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ հաճախելու ցուցանիշով Թուրքիան երկրորդ տեղում է, իսկ Հունաստանը առաջին, սակայն իրենք Հունաստանին չենք հաշվում, քանի որ շատ փոքր է:

«Հունաստանին մի հաշվեք, Թուրքիան է [առաջին տեղում – խմբ.՝ Razm.info-ի]: Մեր նահանգներից մեկի չափ երկիր է ընդամենը: Ստամբուլից նույնիսկ մի քիչ փոքր: Բայց դե հարևան են մեզ:  Եթե իրենց հանգիստ պահեն, ոչ մի բան չենք ասի», – հայտարարել է Յըլդըրըմը:

Դեռևս 1932 թվականին  Թուրքիայի և Իտալիայի միջև կնքված պայմանագրով Իմիա կզղին և ևս 11-ը անցնում են Իտալիային, իսկ այնուհետև՝ Հունաստանին: Սակայն Թուրքիան մինչ օրս փորձում է խախտել այդ համաձայնագրի պայմաններն ու կղզիներն ամբողջությամբ միացնել իր տարածքին: Իմիայում կողմերի միջև առաջին լուրջ միջադեպը գրանցվել է 1996 թվականին, երբ կողմերը պատերազմի եզրին էին կանգնած: Սակայն իրավիճակին միջամտել են ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել պատերազմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *