Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» ձերբակալվել է ևս 15 զինվորական

Ապրիլի 6-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները երկրի տարբեր նահանգներում ձերբակալել են 15 զինծառայողի, ովքեր մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի անդամ լինելու համար»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ձերբակալվածները սպաներ, ենթասպաներ և պրոֆեսիոնալ սերժանտներ են: Նրանց ձերբակալելու համար ոստիկանության ուժերը գործողություն են իրականացրել Մարդին, Գազիանթեփ, Տրապիզոն, Անկարա, Էրզրում, Կարս, Վան, Մերսին, Յալովա և Ադանա նահանգներում:

Թուրքիայում վերջն 1,5 տարում մի շարք գործող և նախկին զինծառայողներ են ձերբակալվել, որոնք մեղադրվում են Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման և Գյուլենի հետ կապ ունենալու համար:

Ձերբակալությունների հետևանքով հատկապես պակաս է առաջացել սպայական կազմում: Ներկայում թուրքական կողմը փորձում է համալրել այդ պակասը: Հատկապես խնդիրներ են առկա օդաչուների հարցում, Թուրքիան մինչև 2016-ի հեղաշրջման փորձն էլ ուներ այդ խնդիրը, իսկ ներկայում պակասն էլ ավելի է զգացնել տալիս:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որից հետո երկրում սկսվել են ձերբակալություններն ու պաշտոններից հեռացումները: Բացի այդ, 2016-ի հուլիսից Թուրքիայում «արտակարգ դրություն» է հայտարարվել, որը շարունակվում է մինչև այժմ:

Թուրքիայի իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող թուրք իսլամական գործիչ, «Հիզմեթ» շարժման ղեկավար Ֆեթուլլա Գյուլենին: Անկարան Միացյալ Նահանգներից բազմիցս պահանջել է արտահանձնել Գյուլենին, սակայն դեռևս ԱՄՆ-ն հրաժարվում է դա անել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *