Թուրքիայի ժանդարմերիայում 500 նոր սպա են ընդունելու

Թուրքիայում 500 նոր սպա են ընդունելու ժանդարմերիայի հրամանատարությունում ծառայելու համար: 500 սպաներից 430-ը լինելու են պայմանագրային զինառայողներ: Մյուս 60-ը լինելու են օդաչուներ, իսկ 10-ն էլ ռազմական բժիշկներ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Միևնույն ժամանակ ժանդարմերիայի և առափնյա անվտանգության ակադեմիան 3560 կուրսանտ է ընդունելու առաջիկայում երկու հրամանատարություններում ծառայելու համար: Նրանցից 3400-ը պատրաստվելու են ժանդարմերիայում ծառայության համար, իսկ 160-ն էլ առափնյա անվտանգության համար: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ժանդարմերիա

Թուրքիայի ժանդարմերիա

Նշենք, որ Թուրքիայում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո բազմաթիվ սպաներ են հեռացվել ծառայությունից կամ ձերբակալվել, ինչի հետևանքով էլ սպայական կազմում լուրջ խնդիրներ և զինծառայողների պակաս է առաջացել:

Հատկապես խիստ պակաս է նկատվում ռազմական օդաչուների հարցում: Այդ պակասը առկա էր դեռևս մինչև ռազմական հեղաշրջման փորձը, սակայն դրանից հետո այն ավելի զգալի դարձավ:

Թուրքական իշխանությունները փորձում են համալրել ծառայությունից հեռացված կամ ձերբակալված զինվորականների թվաքանակը՝ ծառայության ընդունելով նոր զինծառայողների:

Ռազմական հեղաշրջման փորձը տեղի է ունեցել 2016-ի հուլիսի 15-16-ին: Հեղաշրջման փորձի համար Անկարան մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող, թուրք կրոնական գործիչ, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *