«Գյուլենականության ուրվականը». Թուրքիայում գիտաշխատողը սպանել է 4 դասախոսի

Երեկ՝ ապրիլի 5-ին, Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Օսմանգազի համալսարանում գիտաշխատողներից մեկը սպանել է մանկավարժական ֆակուլտետի փոխդեկանին և ևս 3 դասախոսի, գիտաշխատողի: Սպանողը անընդհատ պնդել է, որ համալսարանում 2016 թ. հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթհուլլա Գյուլենի կողմանկիցներ են:

Թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ մարդասպանը՝ Վոլքան Բայարը, անընդհատ համալսարանի տարբեր աշխատողների մեղադրել է ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ թուրք իսլամական քարոզիչ Ֆ. Գյուլենի «կառույցի» անդամ լինելու մեջ:

Դասախոսներից մեկը նշել է, որ նույն օրը ինքը դատախազությունում էր: Ըստ նրա՝ իրեն կանչել էին Բայարի ցուցմունքներից հետո: Մարդասպանը պնդել է, որ դասախոսը «գյուլենական» կառույցի անդամ է:

2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները նախագահ Էրդողանի գլխավորությամբ պնդում են, թե կազմակերպիչը Ֆեթուլլա Գյուլենն էր, ու ԱՄՆ-ից պահանջում արտահանձնել նրան: Գյուլենի դեմ պայքարը, ինչպես նաև երկրի ներսում և դրսում քրդերի դեմ ռազմագործողությունները Էրդողանին թույլ են տալիս արդեն երկրորդ տարին անընդմեջ «արտակարգ դրություն» պահպանել երկրում և անցկացնել իր ցանկացած օրինագծերը:

Չի բացառվում, որ այս քաղաքականությունը կարող է ազդած լինել նաև Թուրքիայի այլ բնակիչների վրա, ովքեր ևս, ինչպես իշխանությունները, ամեն քայլափոխի «գյուլենականներ» ու «քուրդ ահաբեկիչներ» են փնտրելու:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *