Հարյուրավոր քրդեր լքում են Իրաքի զինված ուժերը

Քրդական «Ֆըրաթ» («Եփրատ») գործակալության տվյալներով՝ մի քանի հարյուր քուրդ զինծառայողներ սեփական նախաձեռնությամբ դուրս են եկել Իրաքի զինված ուժերից։

Ըստ աղբյուրի՝ իրաքյան բանակից հեռացած քուրդ զինծառայողները ցանկություն են հայտնել ծառայության անցնել  Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բանակում, որն առավել հայտնի է Փեշմերգե անունով:

Փեշմերգեի զինծառայողները

Փեշմերգեի զինծառայողները

Իրաքի զինված ուժերից արդեն հեռացել է 1070 քուրդ զինծառայող։ Ներկայում քրդական ինքնավարության ղեկավարությունը փորձում է լուծել նրանց տեղավորման հարցը։ Առայժմ Փեշմերգեն խոստացել է զինծառայողներին ապահովել սննդով, սակայն աշխատավարձի հարցը դեռ լուծված չէ։ Հայտնի չէ նաև, թե նրանք վերջնական կմիանան Փեշմերգեին, թե խնդրի հնարավոր լուծման դեպքում կվերադառնան նախկին ծառայության վայր։

Քուրդ զինծառայողները որոշել են լքել իրաքյան բանակը, քանի որ լուրջ տարաձայնություններ են ունեցել բարձրաստիճան հրամանատարական կազմի հետ։ Մասնավորապես, վերջին շրջանում իրաքյան բանակի հրամանատարությունը քրդական ստորաբաժանումներում արաբ հրամանատարներ է նշանակել, ինչը շարքայինների և սերժանտների կողմից բացասական է ընդունվել։

Բացի այդ, ապրիլ և մայիս ամիսներին քրդական ստորաբաժանումներին հրամայվել է մեծամասամբ սուննիներով բնակեցված տարածքներում գործողություններ իրականացնել, ինչից նրանք հրաժարվել են։ Իրաքյան բանակի հրամանատարությունն էլ դադարեցրել է նրանց պարենի մատակարարումն ու աշխատավարձի վճարումը։

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարները նշում են, որ առայժմ սպասում են և հույս ունեն, որ պաշտոնական Բաղդադը կլուծի քուրդ զինծառայողների հարցը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *