Թուրքիայում հնարավոր է կրկին երկարաձգվի «արտակարգ դրությունը»

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիայում դեռևս «արտակարգ դրության» կարիք կա և երկրի խորհրդարանից հավանություն ստանալու դեպքում այն հնարավոր է կրկին երկարաձգվի: Փոխանցում է թուրքական CNN Türk հեռուստաընկերության կայքը:

Ըստ նրա՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) մինչև այժմ այլ երկրներում հայտնաբերել և Թուրքիա է բերել Ֆեթուլլա Գյուլենի հետ «կապ ունեցող» 80 մարդու: Անկարան Գյուլենին է մեղադրում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Անդրադառնալով Թուրքիայում ընտրությունները նախատեսվածից ավելի շուտ իրականացնելու վերաբերյալ տեղեկություններին՝ Բոզդաղը նշել է, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են 2019-ի մարտին և նոյեմբերին, այդ հարցով որևէ փոփոխություն չկա:

Բոզդաղը նաև անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի զինուժի գործողություններին: Թուրքիայի փոխվարչապետը նշել է, որ Աֆրինը քաղաքը քրդական ուժերից «մաքրելուց հետո», նրանք նույնը անելու են Թել Ռիֆաթում և անհրաժեշտության դեպքում նաև Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում «արտակարգ դրություն է» հայտարարվել 2016 հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո: Այն պարբերաբար երկարաձգվում է թուրքական իշխանությունների կողմից: Հունվարի 18-ին Թուրքիայի խորհրդարանը ընդունել է երկրում «արտակարգ դրությունը» ևս երեք ամսով՝ մինչև ապրիլ, երկարաձգելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Հերթական անգամ երկարաձգվելու դեպքում ստացվելու է, որ Թուրքիան «արտակարգ դրության» ռեժիմում է մնալու մինչև 2018-ի հուլիս, այսինքն արդեն 2 տարին կլրանա, ինչ այդ երկրում նման վիճակ է գործում:

Նման պայմաններում Թուրքիայի կառավարությունը կարող է ընդունել պարզապես օրենքի ուժ ունեցող որոշումներ, որոնք ենթակա չեն բողոքարկման Թուրքիայի դատաիրավական համակարգում: Թուրքական իշխանությունները օգտագործելով այս իրավիճակը առանց որևէ արգելքի ձերբակալում են ոչ միայն հեղաշրջման փորձի հետ կապ ունեցող, այլև առհասարակ իշխանությունների համար անցանկալի, ընդդիմադիր անձանց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *