Էրդողանը, Պուտինը և Ռոհանին Անկարայում քննարկել են սիրիական հակամարտությունը

Ապրիլի 4-ին Անկարայում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումը՝ նվիրված սիրիական հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության և հրադադարի պահպանման, ահաբեկչական դեմ պայքարի անհրաժեշտությունը:

Անկարայում կայացել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը. ապրիլ 2018թ.

Անկարայում կայացել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը. ապրիլ 2018թ.

Թուրքական NTV հեռուստաընկերության կայքը հայտնում է, որ հանդիպումից հետո կողմերը առակողմ հայտարարությամբ են հանդես եկել:

«Հանդիպմանը ընդգծվել է Սիրիայի տարածքում բռնության նվազեցմանն աջակցելու և Սիրիայի հակամարտությանը մշտական քաղաքական լուծում գտնելու համար Ժնևի գործընթացը արագացնելու նպատակով Սիրիայում խաղաղություն և կայունություն հաստատելու տեսանկյունից միակ ադեցիկ միջազգային հարթակը Աստանայի ձևաչափն է», – նշվում է համատեղ հայտարարությունում:

Հայտարարությունում նաև նշվում է, որ կողմերից ոչ մեկը չպետք է խախտի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումները և որևէ քայլ չձեռնարկի, որը դեմ կլինի Սիրիայի բնակչության որևէ մի հատվածի կամքին:

Թուրքիայի նախագահ Էրդողանը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հերթական անգամ հայտարարել է, որ իրենք շարունակելու են գործողությունները Սիրիայի Մանբիջ քաղաքում և առհասարակ այն բոլոր տարածքներում, որտեղ գործում է քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG):

Էրդողանը նաև նշել է, որ իրենք, ռուս և իրանցի գործընկերների հետ, «անվտանգություն են հաստատելու» նաև Աֆրին շրջանի Թել Ռիֆաթ քաղաքում, որը, ըստ որոշ տեղեկությունների, գտնվում է ներկայում Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո:

Թուրքական ուժերն Աֆրինի կենտրոնում

Թուրքական ուժերն Աֆրինի կենտրոնում

Ներկայում Թուրքիայի զինուժը շարունակում է ռազմական գործողությունները քրդական ուժերի դեմ Սիրիայի Աֆրին շրջանում: Շրջանի մեծ մասը, այդ թվում դրա կենտրոնը, արդեն իսկ թուրքական կողմի ձեռքում է:

Գաղտնիք չէ, որ չնայած թուրքական կողմի հայտարարություններին, Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական կողմի թիրախում հայտնվել են նաև քաղաքացիականներ: Բացի այդ, Թուրքիայի զինուժի գործողություններին ի սկզբանե դեմ է եղել և շարունակում է դեմ լինել պաշտոնական Դամասկոսը, որը բազմիցս քննադատել է Թուրքիայի գործողությունները:

Նշենք՝ ապրիլի 4-ին Մոսկվայում անցկացվող անվտանգության 7-րդ համաժողովի շրջանակներում Սիրիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մահմուդ Շավան հայտարարել է, որ Աստանայի բանակցությունները կարող էին ավելի արդյունավետ լինել, եթե Թուրքիան կատարարեր իր պարտավորությունները:

Թուրքիայի զինուժը Աստանայում Իրանի և Ռուսաստանի հետ համաձայնությունների շրջանակներում զորքեր է տեղակայում Սիրիայի Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտում»: Իդլիբում զորքերի տեղակայման վերաբերյալ ևս սիրիական կողմը բազմիցս իր դժգոհություն է հայտնել:

Միևնույն ժամանակ, Թուրքիան և Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները վերահսկում են նաև Ջերաբլուսից-Ազազ ընկած հատվածը: Այդ տարածքները Թուրքիայի զինուժը գրավել է 2016-2017-ին իրականացրած «Եփրատի վահան» գործողության ընթացքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *