«Մատչելի բնակարան զինծառայողին». ՀՀ ՊՆ նախագծով սպաները կարող են առանց տոկոսի բնակարան գնել

ՀՀ ՊՆ և այլ կառույցների սպաները կարող են բնակարանի գնման համար 20 տարի ժամկետով հիփոթեքային արտոնյալ վարկ ձևակերպել՝ վճարելով միայն մայր գումարը (անմիջապես կառուցապատողից գնելու դեպքում): Ըստ որում 10% կանխավճարը ևս պետությունը կվճարի: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում, որը նախագծերի հանրային քննարկման համար է:

ՀՀ ՊՆ և մյուս կառույցների սպաները կկարողանան 20 տարի ժամկետով և առավելագույնը 9% տարեկան տոկոսադրույքով արտոնյալ հիփոթեքային վարկ ստանալ և բնակարան գնել կամ կառուցել : Տոկոսագումարի 4%-ը կսուբսիդավորի պետությունը,  5%-ը կվճարվի օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով (բացառությամբ՝ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում): Բացի այդ պետությունը կվճարի նաև բնակարանի արժեքի 10% կանխավճարը: 

Համաձայն «Մատչելի բնակարան զինծառա­յողներին» պետական աջակցության նպատա­կային ծրա­­­­գրի՝ յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շա­հա­­ռու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող` համապա­տասխան մարմինների ծրագրի մասնակիցների ռեեստրում գրանցված`

  1. ՀՀ պաշտպանության նախարարության 400  զինծառայող,
  2. ոստիկանության 37 զինծառայող,
  3. ազգային անվտան­գության ծառայության  25 զինծառայող,
  4. քրեակատա­րո­ղա­կան ծառայության 5 զինծառայող:

Ծրագրից չի կարող օգտվել այն զինծառայողը, ով նախկինում օգտվել է պետական ֆինանսական աջակ­­ցու­թյան այլ ծրագրից կամ բնակարան ձեռք բերելու համար ստացել է անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ սեփականության իրավունքով ստացել է բնակարան:

Ծրագիրը կիրականացվի 10 տարի: Սպաները պետական աջակցությամբ մեկ անգամ հիփոթեքային վարկ կստանան հետևյալ նպատակներով՝

  • Անմիջապես կառուցապատողից ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմա­բնակարան բնակելի շենքում բնակարան գնելու,
  • ՀՀ մարզերում` նաև երկրորդային շուկայից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու,
  • ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու:

Յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող բնակելի տան արժեքի վարկավորման առավելագույն չափ է ընդունվում 28.500.000 դրամը: Սահ­ման­ված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում` պետության կողմից աջակցություն կցու­­­­ցաբերվի միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում:

Ընդ որում` ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է` զինծառայողի և (կամ) նրա ընտանիքի անդամի (անդամների) անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում անհատական բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում:

Վարկի մարման պայմանները

Հիփոթեքային վարկի մարման առավելագույն ժամկետը սահմանվում է 20 տարի, վարկառուի համաձայնությամբ վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով: Վարկի մարումը պետք է իրականացվի մայր գումարի հավասարաչափ մարումներով: Հիփոթեքային վարկի վա­ղա­ժամ­կետ մարման դեպքում զինծառայողի համար չի կարող սահ­մանվել կամ կիրառվել որևէ ֆինանսական կամ այլ պարտավորություն կամ պատասխա­նա­տվու­թյուն:

Վարկի տարեկան տոկոսադրույքն առավելագույնը 9% է,  որից պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսագումարի առավելագույնը 4 տոկոսային կետը: Տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն:

Սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկառուի (զինծառայողի) համար, հիփոթե­քային վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի առավելագույնը 5%:

Վարկառուն իրավունք կունենա պետությունից հետ ստանալ, բացառությամբ՝ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում, իր վճարած (հարկային գործակալի կողմից պահված) եկամտային հարկը` ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկի դիմաց իր կողմից վճարված (պետության կողմից չսուբսիդավորված) տոկոսների չափով (վերը նշված 5%-ը):

Ծրագրում ընդգրկված զինծառայողի օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինծառայողը դադարում է սույն ծրագրով շահառու հանդիսանալուց և նրա համար դադարում են հիփոթեքային վարկա­վորման արտոնյալ պայմանները, բացառությամբ`

  • երկարամյա ծառայության զինվո­րական ծառայության կենսաթոշակի անցած;
  • առնվազն 12 տարի 6 ամիս ընդհանուր զինվորական ծառայության ժամկետ ունեցող` առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար
    • ոչ պիտանի ճանաչվելու
    • կամ պայմանագրի ժամկետը լրանալու
    • կամ սահմանային տարիքը լրանալու
    • կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբա­ժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակ­ված զինծառայողների,
  • Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ զինվո­րական որևէ պատճառական կապով հաշմանդամ ճանաչվելու;
  • կամ ծառայողական պարտականությունները կատարելիս ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում` անկախ զինվորական ծառայության ստաժի տևողությունից:

Օրենքով սահման­ված այլ հիմքերով զինվորական ծառա­յությունից արձակվելու դեպքում զինծառա­յողը հետ է վերադարձնում պետության կողմից վճարված գումարը (կանխավճար, տոկոսադրույքի սուբսիդավորում և այլն): Այս դեպքում հիփոթեքային պայմանագիրը ենթակա է վերակնքման շուկայական պայմաններով, ինչից զինծառայողի հրաժարվելու դեպքում պետությունը փոխհատուցում է զինծառայողի կատարած ծախսերը և բնակարանը անցնում է պետության սեփականությանը:

Հիշեցնենք, որ ծրագրի մասին դեռևս 2017 թ. հոկտեմբերին հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

12 responses to “«Մատչելի բնակարան զինծառայողին». ՀՀ ՊՆ նախագծով սպաները կարող են առանց տոկոսի բնակարան գնել

Մեկնաբանել MartikՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *