ՀՀ ՊՆ և այլ կառույցների սպաները կարող են բնակարանի գնման համար 20 տարի ժամկետով հիփոթեքային արտոնյալ վարկ ձևակերպել՝ վճարելով միայն մայր գումարը (անմիջապես կառուցապատողից գնելու դեպքում): Ըստ որում 10% կանխավճարը ևս պետությունը կվճարի: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում, որը նախագծերի հանրային քննարկման համար է:
ՀՀ ՊՆ և մյուս կառույցների սպաները կկարողանան 20 տարի ժամկետով և առավելագույնը 9% տարեկան տոկոսադրույքով արտոնյալ հիփոթեքային վարկ ստանալ և բնակարան գնել կամ կառուցել : Տոկոսագումարի 4%-ը կսուբսիդավորի պետությունը, 5%-ը կվճարվի օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով (բացառությամբ՝ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում): Բացի այդ պետությունը կվճարի նաև բնակարանի արժեքի 10% կանխավճարը:
Համաձայն «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագրի՝ յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող` համապատասխան մարմինների ծրագրի մասնակիցների ռեեստրում գրանցված`
- ՀՀ պաշտպանության նախարարության 400 զինծառայող,
- ոստիկանության 37 զինծառայող,
- ազգային անվտանգության ծառայության 25 զինծառայող,
- քրեակատարողական ծառայության 5 զինծառայող:
Ծրագրից չի կարող օգտվել այն զինծառայողը, ով նախկինում օգտվել է պետական ֆինանսական աջակցության այլ ծրագրից կամ բնակարան ձեռք բերելու համար ստացել է անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ սեփականության իրավունքով ստացել է բնակարան:
Ծրագիրը կիրականացվի 10 տարի: Սպաները պետական աջակցությամբ մեկ անգամ հիփոթեքային վարկ կստանան հետևյալ նպատակներով՝
- Անմիջապես կառուցապատողից ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան գնելու,
- ՀՀ մարզերում` նաև երկրորդային շուկայից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու,
- ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու:
Յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող բնակելի տան արժեքի վարկավորման առավելագույն չափ է ընդունվում 28.500.000 դրամը: Սահմանված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում` պետության կողմից աջակցություն կցուցաբերվի միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում:
Ընդ որում` ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է` զինծառայողի և (կամ) նրա ընտանիքի անդամի (անդամների) անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում անհատական բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում:
Վարկի մարման պայմանները
Հիփոթեքային վարկի մարման առավելագույն ժամկետը սահմանվում է 20 տարի, վարկառուի համաձայնությամբ վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով: Վարկի մարումը պետք է իրականացվի մայր գումարի հավասարաչափ մարումներով: Հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման դեպքում զինծառայողի համար չի կարող սահմանվել կամ կիրառվել որևէ ֆինանսական կամ այլ պարտավորություն կամ պատասխանատվություն:
Վարկի տարեկան տոկոսադրույքն առավելագույնը 9% է, որից պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսագումարի առավելագույնը 4 տոկոսային կետը: Տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն:
Սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկառուի (զինծառայողի) համար, հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի առավելագույնը 5%:
Վարկառուն իրավունք կունենա պետությունից հետ ստանալ, բացառությամբ՝ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում, իր վճարած (հարկային գործակալի կողմից պահված) եկամտային հարկը` ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկի դիմաց իր կողմից վճարված (պետության կողմից չսուբսիդավորված) տոկոսների չափով (վերը նշված 5%-ը):
Ծրագրում ընդգրկված զինծառայողի օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինծառայողը դադարում է սույն ծրագրով շահառու հանդիսանալուց և նրա համար դադարում են հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանները, բացառությամբ`
- երկարամյա ծառայության զինվորական ծառայության կենսաթոշակի անցած;
- առնվազն 12 տարի 6 ամիս ընդհանուր զինվորական ծառայության ժամկետ ունեցող` առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար
- ոչ պիտանի ճանաչվելու
- կամ պայմանագրի ժամկետը լրանալու
- կամ սահմանային տարիքը լրանալու
- կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակված զինծառայողների,
- Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ զինվորական որևէ պատճառական կապով հաշմանդամ ճանաչվելու;
- կամ ծառայողական պարտականությունները կատարելիս ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում` անկախ զինվորական ծառայության ստաժի տևողությունից:
Օրենքով սահմանված այլ հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինծառայողը հետ է վերադարձնում պետության կողմից վճարված գումարը (կանխավճար, տոկոսադրույքի սուբսիդավորում և այլն): Այս դեպքում հիփոթեքային պայմանագիրը ենթակա է վերակնքման շուկայական պայմաններով, ինչից զինծառայողի հրաժարվելու դեպքում պետությունը փոխհատուցում է զինծառայողի կատարած ծախսերը և բնակարանը անցնում է պետության սեփականությանը:
Հիշեցնենք, որ ծրագրի մասին դեռևս 2017 թ. հոկտեմբերին հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
12 responses to “«Մատչելի բնակարան զինծառայողին». ՀՀ ՊՆ նախագծով սպաները կարող են առանց տոկոսի բնակարան գնել”