Վրաստանի պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են եղել զինծառայողների սննդային թունավորման դեպքից հետո։
Մասնավորապես, Վրաստանի պաշտպանության նախարարությունից հեռացվել է այն պաշտոնյան, ով պատասխանատու է եղել զինված ուժերի սնունդն ապահովելու համար։
Զգալի փոփոխություններ են եղել նաև «Վրացական սնունդ» ընկերության ղեկավար կազմում։ Այս ընկերությունը հանդիսանում է հարևան երկրի զինված ուժերի պարենի հիմնական մատակարարը։
Կադրային փոփոխությունների վերաբերյալ հրամանագիրը ստորագրել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։
Նշենք, որ վրացական բանակի երրորդ հետևակային բրիգադում զանգվածային թունավորման դեպք էր եղել, որի հետևանքով 11 զինծառայող ներկայում գտնվում է հոսպիտալում։ Թունավորման դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել, հետաքննությունը շարունակվում է։