Ապրիլի 3-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերը գլխավոր շտաբի պետեր Հուլուսի Աքարը և Վլադիմիր Գերասիմովը: Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով: Մանրամասներ հայտնի չեն քննարկումներից: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Չնայած չի հայտարարվում, սակայն կարելի է ենթադրել, որ քննարկման թեմաներից է եղել նաև սիրիական ճգանաժամը:
Նշենք, որ ապրիլի 4-ին Անկարայում անցկացվելու են նաև Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների և արտգործնախարարների եռակողմ հանդիպումներ (1, 2):
Հանդիպումների օրակարգում հիմնականում լինելու է սիրիական ճգնաժամը, Սիրիայում վերջին գործընթացները և հրադադարի պահպանումը:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը հանդիպել են նոյեմբերի 22-ին Սոչիում: Կողմերը հիմնականում քննարկել են Սիրիայում ճգնաժամի քաղաքական լուծման համար իրականցվելիք քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը և այլ հարցեր:
Նշենք, որ սիրիական ճգնաժամի կարգավորման 2 հիմնական ձևաչափերն են համարվում Աստանայի և Ժնևի բանակցությունները: Աստանայում կողմերի համաձայնության շրջանակներում Սիրիայի տարածքում ստեղծվել է 4 «ապաէսկալացման գոտի»: Այս բանակցությունների և այդ գոտիների երաշխավոր երկրներն են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը:
Այս համաձայնությունների շրջանակներում Թուրքիայի զինուժը սկսել է զորքեր տեղակայել սիրիական Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտու» տարածքում դեռևս 2017-ի հոկտեմբերից: