ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեն ստեղծում է նոր զորամաս, որտեղ ծառայելու են նախատեսված մրցույթը հաղթահարած բակալավրի աստիճան ունեցող զորակոչիկները:
Այս մասին հայտնի է դառնում ArmHiTec-2018 ցուցահանդեսի ժամանակ ՊՆ ներկայացրած գովազդային թռուցիկից:
Տեխնոլոգիական զորամասում ծառայելու համար պետք է հայտ ներկայացնելուց հետո հանձնել տրամաբանական թեստ և մասնագիտական քննություն: Եթե հավաքած միավորները բավարար են, մասնակցել ամփոփիչ հարցազրույցի:
Մրցույթային հանձնաժողովի անդամները հարցազրույցի ընթացքում նորակոչիկներին գնահատելու են չափանիշներով: Վերջնական գնահատականը հանձնաժողովի անդամների գնահատականների թվաբանական միջինն է:
Այն զորակոչիկները, որոնք կհաղթահարեն մրցույթը, կընդգրկվեն զորամասի համապատասխան բաժին:
Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով պարտադիր զինծառայությունից տարկետում կտրվի միայն նպատակային ուսումնառության համար, այսինքն՝ «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցներին:
Նախարարը 2017-ի դեկտեմբերին հայտնել էր, որ ՊՆ-ն մտածում է ստեղծվել գիտական վաշտեր բացառիկ հմտություններ ունեցող զորակոչիկների համար:
Բացի այդ, գործում է ՀՀ ԶՈւ կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության արդի տեխնոլոգիաների խումբը: Այստեղ կարող են ծառայել զորակոչի ենթական այն քաղաքացիները, որոնք մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ունեն համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում: