Մարտի 30-ին Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ (Սղերթ) նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են թուրք ուժայինների վրա. արդյունքում սպանվել է 6 «գյուղական պահապան», վիրավորվել՝ ևս 3 «գյուղական պահապան» և 4 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ քուրդ զինյալները թուրք ուժայինների վրա հարձակվել են Օրմանարդը գյուղի մոտակայքում: Վիրավորվածները տեղափոխվել են հիվանդանոց: PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար գործողություններ են սկսել:
Մարտի 29-ին քուրդ զինյալները թուրք ուժայինների վրա հարձակվել են նաև Դիարբեքիր նահանգում, արդյունքում վիրավորվել է 6 զինծառայող: Հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները որոշակի դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Գործողություններին ներգրավված են թուրքական բանակը, ժանդարմերիան, ոստիկանության ուժերը:
Թուրքական կողմը գործողություններին ակտիվորեն ներգրավվում է նաև «գյուղական պահապաններին», որոնք հիմնականում քրդերից կազմված զինված ջոկատներ են և գործում են ժանդարմերիայի ենթակայության ներքո:
Փորձագետների գնահատականով՝ «Գյուղական պահապանների» քանակը մոտ 50-60 հազար է: 2016-ի հոկտեմբերի 29-ից սկսած «գյուղական պահապանների» ինստիտուտը անվանափոխվել է «անվտանգության պահապանների»: