Թուրքիայում կրկին սպառնում են քրդերի դեմ գործողություն սկսել Սիրիայի Մանբիջում և Իրաքի հյուսիսում

Մարտի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի քննարկումների հիմնական առանցքում եղել են սիրիական ճգնաժամն ու Սիրիայի քրդական ուժերի դեմ գործողությունները: Անկարան կրկին սպառնում է քրդերի դեմ գործողություն սկսել Սիրիայի Մանբիջում և Իրաքի հյուսիսում: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

ԱԱԽ-ից հետո հրապարակված հայտարարությունում նշվում է, որ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները»՝ YPG-ն, պետք է անմիջապես դուրս գա Մանբիջ քաղաքից, այլապես թուրքական կողմը նոր գործողություն կսկսի:

«Մանբիջից ահաբեկիչները [Անկարան քրդական YPG-ի մարտիկներին ահաբեկիչ է համարում – խմբ.՝ Razm.info-ի] պետք է անմիջապես հեռանան, հակառակ դեպքում Թուրքիան մյուս շրջանների նման այնտեղ էլ անձամբ նախաձեռնությունը իր ձեռքը կվերցնի», – նշվում է ԱԱԽ-ի հայտարարությունում:

Թուրքիայի ԶՈւ զինծառայողները և զինտեխնիկա Սիրիայի Աֆրին շրջանում

Թուրքիայի ԶՈւ զինծառայողները և զինտեխնիկա Սիրիայի Աֆրին շրջանում

Ըստ հայտարարության՝ նույնը նաև անցողիկ է Եփրատ գետի արևելքում գործող քրդական ուժերի նկատմամբ: Թուրքիայի ԱԱԽ-ն հայտարարում է, որ իրենք ակնկալում են, որ Իրաքի իշխանությունները կկասեցնեն Իրաքում՝ Քանդիլում և Սինջարում PKK-ի զինյալների գործողությունները, սակայն եթե «Իրաքը դա չկարողանա անի, Թուրքիան անձամբ կկասեցնի նրանց գործողությունները»:

Այսինքն Թուրքիայի իշխանությունները փաստոցիորեն կրկին սպառնում է նոր գործողություն սկսել քրդական ուժերի դեմ ինչպես Սիրիայի Մանբիջ քաղաքում, այնպես էլ Իրաքի հյուսիսային շրջաններում: Անկարան Սիրիայի քրդական YPG-ին համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի «սիրիական ճյուղավորում և ահաբեկչական կառույց»:

Մանբիջում ներկայում բացի քրդական ուժերից տեղակայված են նաև ԱՄՆ զինուժի զինծառայողներ: Միացյալ Նահանգները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում համագործակցում է հիմնականում քրդական ուժերի հետ, ինչը լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքիան Նահագներին մեղադրում է «քուրդ ահաբեկիչներին աջակցելու համար»:

Վերջին շրջանում թուրքական կողմը պարբերաբար հայտարարում է, որ ԱՄՆ ու Թուրքիան համաձայնության են հասել Մանբիջից քրդերի դուրս բերման հարցում: Մասնավորապես Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր (1, 2), որ YPG-ի դուրս գալուց հետո այնտեղ վերահսկողությունը իրականացնելու են թուրք և ամերիկացի զինծառայողները, սակայն ամերիկյան կողմը հերքում է որևէ համաձայնություն ձեռքբերվելու մասին լուրերը:

Նշենք, որ ներկայում Թուրքիայի զինուժը դեռ շարունակում է գործողությունները YPG-ի դեմ Սիրիայի Աֆրին շրջանում: «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը մեկնարկել է դեռևս հունվարի 20-ին: Մարտի 18-ին թուրքական կողմը հայտարարեց Աֆրին քաղաքի կենտրոնը գրավելու մասին:

Թուրքական կողմը հայտարարել էր, նաև Աֆրինի Թել Ռիֆաթ մտնելու մասին, սակայն այդ ուղղությամբ տեղեկությունները մի փոքր հակասական են:

Աֆրինում քրդական զինապահեստ․ Թուրքական ուժերը այն գրավել են մարտի 18-ին

Աֆրինում քրդական զինապահեստ․ Թուրքական ուժերը այն գրավել են մարտի 18-ին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *