Մարտի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այցելել է Թուրքիա և հանդիպել այդ երկրի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարին: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտում համագործակցության և համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցեր: Հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Նշենք, որ Զաքիր Հասանովը Թուրքիա է այցելել պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի հրավերով: Նախատեսվում է հանդիպումներ նաև այլ ուժային կառույցների ղեկավարների հետ:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում անցկացվելու է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հերթական հանդիպումը:
Եռակողմի ֆորմատով հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Բացի պաշտպանության նախարարներից պարբերաբար եռակողմ հանդիպումներ են լինում այս երկրների ԶՈւ ԳՇ պետերի, արտգործնախարարների մակարդակով:
Վերջին անգամ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հանդիպել են 2017-ի մայիսի 23-ին Բաթումիում: Այս երկրների զինված ուժերը նաև համատեղ զորավարժություն են իրականացնում երկրներից մեկի տարածքում (1,2):