Հայկական բանակի ներքին գնումները կազմելու են մեկ քառորդը․ Փախչանյան

Հայկական բանակի ընդհանուր գնումների մեկ քառորդը կազմելու են ներքին գնումները (տեղական ռազմարդյունաբերական ընկերություններից ՀՀ ԶՈւ կարիքների համար արտադրանքի գնումը)։ Ընդհանուր գնումների մեջ ներառված են նաև Ռուսաստանի հետ կնքված սպառազինության ձեռքբերման վարկի շրջանակներում ստացվող սպառազինությունը։

Այս մասին մարտի 28-ի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Փախչանյանը։

«Տանկեր, ՀՕՊ համակարգերը մեզ համար դեռ բարդ են՝ տեխնոլոգիաների տեսակետից, սակայն մոդեռնիզացիայի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում», – նշում է Դավիթ Փախչանյանը։

ՀՀ ՊՆ փոխնախարարը նաև նշում է, որ Հայաստանը հավակնություններ ունի օպտիկայի, ռոբոտացված համակարգերի, այդ թվում անօդաչու սարքերի, լազերային տեխնիկայի արտադրության ոլորտներում։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2016 թվականին Հայաստանում 23 տոկոսով աճել են ռազմական տեխնիկայի ներքին գնումները, իսկ 2017 թվականին ևս 20 տոսկոսի աճ է կանխատեսվում: Թարմացված տեղեկություն այս մասին դեռևս չկա:

Դավիթ Փախչանյանը ասուլիսի ժամանակ նաև հայտարարել է, որ Ռուսաստանից ՀՀ զինված ուժերի համար 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկով նախատեսված սպառազինության մատակարարումները ամբողջովին ավարտվել են։

Հիշեցնենք, որ 2017-ի դեկտեմբերի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նաև ստորագրել է Ռուսաստանից զենքի գնումների համար 100 մլն դոլարի վարկի ձեռքբերման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը։

Վարկը պետք է օգտագործվի 2018-2022 թթ. ընթացքում: Վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 15 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով. ավելի մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *