Թուրքիայի Դիարբեքիր նահանգի 37 գյուղում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմագործողության շրջանակներում «փողոց դուրս գալու արգելք» է սահմանվել: Բնակիչներն իրավունք չունեն փողոց դուրս գալ մինչև հաջորդ հայտարարությունը: Այս մասին հայտնում է թուրքական T24 հեռուստաալիքի կայքը:
Ըստ հաղորդագրության՝ Դիարբեքիրի նշված գյուղերի լեռնային, անտառային տարածքնեում PKK-ի անդամների հայտնաբերման և վնասազերծման գործողություններ պետք է իրականացվեն: Թուրքական կողմը նշում է, որ այդ հատվածներում հայտնաբերվել են PKK-ի թաքստոցներ, պահեստարաններ, որոնք պետք է գրավել և ոչնչացնել:
«Փողոց դուրս գալու» արգելքը սահմանվում է Թուրքիայի նահանգների կառավարման մասին օրենքի համաձայն: Արգելքը գործում է մարտի 27-ի առավոտյան ժամը 8:00-ից մինչև հաջորդ հաղորդագրությունը, որի ժամկետը հայտնի չէ և կախված է ռազմագործողության ընթացքից:
Հավելենք, որ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում հաճախ է նման արգելք սահմանվում: PKK-ի հետ բախումներն ինտենսիվացել էին 2015-16 թթ.: 2016 թ. վերջից թուրքական կողմը կարողացավ հսկողության տակ վերցնել բնակավայրերը, սակայն քրդերը շարունակում են տեղակայված մնալ լեռնային շրջաններում:
- Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր թաղամասում. Հունվարի 31, 2016 թ.
- Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր թաղամասը թուրքա-քրդական բախումների արդյունքում. 24.01.2016 թ.