Մարտի 26-ին Սիրիայի Ռաքքա քաղաքի արևմուտքում բնակիչները «ապստամբել են» տեղի քուրդ-արաբական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման դեմ: Պատճառն այն է, որ քրդերը բնակիչներին ստիպում են գումար վճարել՝ թուրքերի դեմ գործողությունների ծախսերը փակելու համար: Նման տեղեկություն հայտնել է իրանական Fars News լրատվակայքը՝ փոխանցելով սեփական աղբյուրներից ստացած տեղեկությունը:
Ըստ իրանական աղբյուրի՝ Ռաքքայի բնակիչները քուրդ-արաբական ուժերի դեմ դուրս են եկել այն բանից հետո, երբ քրդերը ձերբակալել են տեղի կրոնական առաջնորդներից մեկին: Նշվում է, որ քրդական ուժերը յուրաքանչյուր բնակչի ստիպում էին գումար վճարել՝ Թուրքիայի դեմ ռազմագործողության ծախսերը հոգալու համար:
Ըստ նույն տեղեկության՝ քրդերը նաև քանդում և վաճառում են իրենց վերահսկած Տաբկա ավիաբազայի ինքնաթիռները՝ «անհայտ կողմի»:
Ըստ որում իրանական լրատվամիջոցն ուշադրությունէ հրավիրում այն փաստի վրա, որ քուրք-արաբական դաշինքը Սիրիայում այս պահին դաշնակցում է Միացյալ Նահանգների հետ: Չի բացառվում, որ այս հանգամանքը կարող էր ազդած լինել տեղեկատվության օբյեկտիվության վրա:
Հավելենք, որ Թուրքիայի զինուժը և Անկարայի հովանավորյալ զինյալներն արդեն իսկ գրավել են Սիրիայի Աֆրին շրջանի մեծ մասը, այդ թվում՝ կենտրոնական Աֆրին քաղաքը: Քրդական ուժերը չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ: