Մարտի 14– 22-ը Կատարի զինված ուժերը անցկացրել են Lion’s Lair – 2018 («Առյուծի որջ – 2018») զորավարժությունը, որին ներգրավված են եղել նաև Թուրքիայի զինուժի ստորաբաժանումներ: Այս մասին մարտի 27-ին հայտնում է կատարական Gulf Times պարբերականի կայքը:
Զորավարժությունը անցկացվել է Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ ալ-Աթթիյահի և Կատարի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ղանեմ բին Շահեեն ալ-Ղանեմի հովանու ներքո:
Վարժանքներին բացի Կատարի և Թուրքիայի զինուժից մասնակցել են նաև ստորաբաժանումներ Կատարի ներքին գործերի նախարարությունից, ներքին զորքերից, անվտանգության պետական կազմակերպությունից:
Զորավարժությունը պլանային բնույթ է կրում և դրա նպատակն է բարձրացնել վարժանքներին ներգրավված բոլոր ուժերի մարտական պատրաստության աստիճանը և այդ ուժերի փոխգործակցելու կարողությունները:
Զորավարժության մասին հայտնում է նաև թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը, սակայն հավելյալ տեղեկություններ չեն տրամադրվում:
2017-ի ամռանից սկսած Թուրքիայի զինուժը ցամաքային ուժեր է ուղարկում Կատարում տեղակայված թուրքական ռազմաբազա:
Դեռևս 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել են ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին պայմանագիր: Իսկ 2016-ին Կատարի և Թուրքիայի կառավարությունները կնքել են Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ «իրականացման համաձայնագիրը» (implementation agreement): 2017-ի հունիսին այս համաձայնագիրը վավերացրել են Թուրքիայի խորհրդարանը և նախագահը:
Այդ համաձայնագրի շրջանակներում էլ Թուրքիան զորքեր է տեղակայում Կատարում: Բացի այդ Թուրքիայի և Կատարի զինված ուժերը արդեն մի քանի զորավարժություն են անցկացրել 2017-ի ընթացքում:
Հատկանշական է, որ թուրքական կողմը հապճեպ կարգով վավերացրեց այդ պայմանագիրը, այն բանից հետո, երբ արաբական մի շարք երկրներ խզեցին իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:
Կատարի շուրջ ճգնաժամի մասին առավել մանրամասն.