ՌԴ օդադեսանտայինները խոշոր վարժանք են անում Մոսկվայի և հարևան մարզերում

Ռուսաստանի բանակի օդադեսանտային ուժերն մարտի 26-ին սկսել են խոշոր զորավարժություն, որին ներգրավված է 2000 զինծառայող, 200 միավոր մարտական և օժանդակ տեխնիկա, ինչպես նաև ԶՈւ օդատիեզերական ուժերի, արևմտյան ռազմական շրջանի ՌՕՈւ / ՀՕՊ զորքերի 30 ինքնաթիռ և ուղղաթիռ և այլն։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներն անցկացվում են միանգամից երեք շրջաններում՝ Մոսկվա, Ռյազան և Տուլա։ Ու թեև այս շրջաններում ուրբանիզացիայի, քաղաքային ենթակառուցվածքների կշիռը շատ մեծ է, զորավարժության մասնակիցներն իրենց զորաշարժերը հատուկ իրականացնելու են դաշտային ճանապարհներով։

Զորավարժության մասնակիցները դեսանտավորման գործողություններ են կատարելու ռազմական տեխնիկայի հետ, հիմնականում՝ իրենց համար անծանոթ տեղանքում։ Նախատեսված է իրականացնել մոտ 20 միավոր ռազմական տեխնիկայի օդից դեսանտավորում՝ Իլ-76 և Ան-26 բեռնատար ինքնաթիռներից։

Դեսանտավորման գործողություններին օդից աջակցելու, «թիկունքը» հսկելու են բանակային ավիացիայի Սու-27 և Սու-30 կործանիչները, Մի-24 հարվածային ուղղաթիռները։

Զորավարժության ամփոփիչ փուլում նախատեսվում է իրականացնել կրակային վարժանք՝ բոլոր կրակային միջոցների կիրառմամբ։ Դրանց թվում են լինելու ԲՄԴ-2 և ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենաներ, 2Ս-9 «Նոնա» ինքնագնաց հրետանային համակարգեր և այլն։

Օդադեսանտային ուժերի խոշոր վարժանքի տևողությունը 5 օր է, այն կավարտվի մարտի 30-ին։ Գործողությունները ղեկավարվելու են անձամբ ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերի շտաբի պետի կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *