ԱՄՆ-ն 2018-ին Իսրայելին հակահրթիռային պաշտպանության համար 705 մլն դոլար կտա

ԱՄՆ Կոնգրեսը շուրջ 148 մլն դոլարով ավելացրել է Իսրայելի հակահրթիռային, ՀՕՊ ուժերի զարգացման համար հատկացվող օգնությունը՝ այն հասցնելով 705 մլն դոլարի՝ 2018 թ. համար: Հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը: Փոխանցում է իսրայելական Jerusalem Post-ը:

Ավելացվող գումարը պետք է ուղղվի Iron Dome («Երկաթե գմբեթ»), Arrow 3 («Նետ-3») և David’s Sling («Դավիթի պարսատիկ») հակահրթիռային պաշտպանության համակարգերի արդիականացման ծրագրին:

Arrow 3 համակարգի արդիականացված տարբերակը ընթացիկ տարվա ամռանը պետք է փորձարկվի Ալյասկայում:

705 մլն դոլարը նախատեսված էր դեռևս 2017 թ. ներկայացված ԱՄՆ ռազմական բյուջեի նախագծով: ԱՄՆ-ն պարբերաբար խոշոր գումար է հատկացնում Իսրայելի զինուժին, այդ թվում՝ նշված համակարգերի զարգացման համար, որոնք Իսրայելն օգտագործում է Գազայի հատվածից արձակվող հրթիռներից պաշտպանվելու համար:

Ավելացնենք, որ երեկ՝ մարտի 25-ին, համացանցում տարածված տեսանյութում երևում էր, որ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը սխալմամբ արձագանքում է գնդացրի կրակոցներին և հրթիռներն արձակում «փամփուշտները չեզոքացնելու համար»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *