Մարտի 23-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը կիբերհանցագործությունների մեղադրանքներով պատժամիջոցներ է սահմանել Իրանի 10 քաղաքացու և Mabna Institute ընկերության նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքը:
Ֆիզիկական անձինք և ընկերությունը մեղադրվում են ԱՄՆ 144 համալսարանի, 30 ընկերության, 5 պետական գործակալության և ևս 21 երկրի 176 համալսարանների համակարգչային ցանցերի վրա կիբերհարձակումներ գործելու մեջ:
Ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության՝ «գողացված ինֆորմացիան օգտագործվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից կամ վաճառվել»:
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ԱՄՆ այս քայլն անվանել է «անօրինական և պրովոկացիոն»:
Հիշեցնենք, որ 2017 թ. սեպտեմբերին կիբերհանցագործությունների մեղադրանքով ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել իրանական ITSec Team’s ընկերության և 7 ֆիզիկական անձի նկատմամբ:
ԱՄՆ ֆիննախարարությունից նշում էին, որ ընկերությունը Իրանի կառավարության և ԻՀՊԿ պատվերով 2011-2012թթ. ամերիկյան բանկերի և բորսային կազմակերպությունների վրա DDoS հարձակումներ է գործել։