Մանրամասներ «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայության ձևից. նախագիծը հանրային քննարկման է դրված

«Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայություն անցնելու ձևի որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում, որը նախագծերիի հանրային քննարկման համար է: Ներկայացնում ենք որոշ մանրամասներ այլընտրանքային ծառայության այս տարբերակով առաջարկվող պայմաններից.

Այսպիսով՝

Ըստ պայմանագրի՝ մինչ բուն զինծառայության անցնելը մասնակիցները պետք է բուհերում ուսմանը զուգահեռ սպայական պատրաստություն անցնեն ռազմական ուսումնական հաստատություններում: Ապա լեյտենանտի կոչումով ծառայեն դասակի հրամանատարների պաշտոնում:

Նրանք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում դասընթաց են անցնելու մոտոհրաձգային, հրաձգային կամ հրետանային դասակների հրամանատարների պատրաստման ծրագրերով:

Զինվորական պատրաստությունը 2 տարի 6 ամսով է՝ բուհում ուսման 3-7 կիսամյակների ընթացքում: Մեկ օրվա դասընթացի տևողությունը չի կարող գերազանցել 7 ժամը:

Մասնակիցները կարող են նաև ծառայել բժշկական պաշտոններում: Նրանց ռազմաբժշկական պատրաստությունը Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում է անցնելու: Տևողությունը 2 տարի 6 ամիս ժամկետով է՝ ռազմաբժշկական
ֆակուլտետի ղեկավարի սահմանած կիսամյակների ընթացքում և օրերին:

Պատրաստությունն ավարտվում է ՀՀ ՊՆ զորամասերում մինչև 30 օր տևողությամբ ուսումնական հավաքներով, որից հետո ավարտական քննություններ են:

Ուսման ընթացքում կուրսանտներն ապահովվում են զինվորական համազգեստով, անհրաժեշտ ուսումնական նյութերով: Տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվում: Դասերի օրերին ապահովվում են մեկանգամյա սննդով:

Զինպատրաստությունից ազատվում/հեռացվում են.

  • սեփական կամքով,
  • քաղաքացիական բուհից անկախ պատճառներից ազատվելու և  հեռացվելու դեպքում,
  •  մեկ ուստարվա ընթացքում անկախ պատճառներից 32 ակադեմիական ժամից ավելի բացակայելու դեպքում,
  • դասընթացի ավարտին 30 օր տևով հավաքին 3 օրից ավելի չմասնակցելու դեպքում,
  • ՌՈւՀ ներքին կարգ ու կանոնը չպահպանելու պատճառով,
  • զինդասընթացի միջանկյալ ստուգարքները, ավարտական քննությունները չհանձնելու դեպքում:

Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

3 responses to “Մանրամասներ «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայության ձևից. նախագիծը հանրային քննարկման է դրված

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *