Հայաստանը կարող է այլ երկրներում ներգրավվել ականազերծման գործընթացներում

Մարտի 23-ին ՀՀ ԱԻ նախարարության և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա Հայաստանին այլ երկրներին օգնել ականազերծման գործընթացքում:Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

«Այս հուշագիրը համագործակցության նոր հարթակ է, որի շնորհիվ մենք կարող ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր: Միաժամանակ՝ սա մեր երկրին հնարավորություն կտա մյուս երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերել նաև ականազերծման գործընթացում»,- հայտնել է կենտրոնի տնօրեն Առաքելյանը:

Հայաստանը, ըստ ռուսական կողմի, 2017-ին հաստատել է Սիրիայում ականազերծման աշխատանքներին ներգրավվելու պատրաստակամությունը: Այս մասին 2017-ի նոյեմբերի 6-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

«Բոլորս շատ լավ գիտակցում ենք ականազերծման նշանակությունը մեր ժողովրդի անվտանգության համար, և դա դիտարկում որպես աղետների ռիսկի նվազեցման միջոցառում: Ականային խնդիրն աղետների ռիսկի առաջացման աղբյուր է և աղետների դեպքում լուրջ խոչընդոտ կարող է դառնալ փրկարարական աշխատանքների իրականացման համար»,–հայտնել է ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը:

ԱԻ նախարարությունն ու Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը համագործակցությունը կզարգացնեն հետևյալ ուղղություններով՝
• ականների վտանգի իրազեկում, որի նպատակն է նվազեցնել կամ չեզոքացնել ականների և/կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների ազդեցությունը մարդկանց կյանքի և առողջության վրա՝ վերջիններիս ուսուցման և իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով.
• ականների և/կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների հայտնաբերման, ականային պատահարների և ականներից տուժած անձանց մասին տեղեկությունների փոխանցում ՀԱՓԿ-ին.
• հակաականային գործողություններում տեխնիկական և մասնագիտական օժանդակության տրամադրում.
• հակաականային գործողությունների և աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ դասընթացների կազմակերպում:

Վերջերս հաստատված «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցի համաձայն՝ նախատեսվում է համայնքների անձնագրերում ընդգրկել տեղեկություններ՝ այնտեղ առկա ականապատ տարածքների մասին:

«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհուրդը բաղկացած է ՀՀ պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարների տեղակալներից և հանդիսանում է խորհրդակցական կոլեգիալ մարմին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *