Մարտի 22-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը և ԶՈւ հրամանատարության այլ ներկայացուցիչներ այցելել են երկրի հարավային Հաթայ և Քիլիս նահանգների՝ անմիջապես Սիրիային սահմանակից ստորաբաժանումներ և զորամասեր: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Հուլուսի Աքարին ուղեկցել են ցամաքային զորքերի հրամանատար Յաշար Գյուլերը, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարներ Հասան Քյուչյուքաքյուզը և Ադնան Ազբալը, 2-րդ բանակի հրամանատար Մեթին Թեմելը: ԶՈւ հրամանատարությունը ստուգումներ է արել ստորաբաժանումներում և զորամասերում:
Նշենք, որ Սիրիայի և Իրաքի հետ սահմանի պաշտպանությունը իրականացնում է հենց ցամաքային զորքերի 2-րդ բանակը, որի շտաբը տեղակայված է Մալաթիայում: Հենց այս բանակն է ղեկավարում Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ գործողությունները:
Մարտի 18-ին Թուրքիայի զինուժը հայտարարել է Աֆրին քաղաքի կենտրոնը քրդական ուժերից գրավելու մասին: Գործողությունները շարունակվում են ներկայում: Թուրքական իշխանությունները շարունակում են հայտարարել, որ Աֆրինից հետո շարժվելու են քրդերի մյուս տարածքներ:
Նշենք, որ մարտի 21-ին Հուլուսի Աքարը այցելել է երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգի՝ Իրաքի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ և զորամասեր:
Genelkurmay Başkanı Orgeneral Hulusi AKAR, Kuvvet Komutanları ve 2’nci Ordu Komutanı ile birlikte Kilis bölgesindeki birliklerde inceleme ve denetlemelerde bulunuyor. pic.twitter.com/54RST9TxCg
— TSK (@TSKGnkur) March 22, 2018