Թուրքիան Սիրիայի Աֆրին շրջանը քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներից»՝ YPG-ից գրավելուց «տեղի բնակիչներից» ոստիկանական ուժեր է պատրաստելու: Այս մասին հայտնում է թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի կայքը:
Ըստ աղբյուրի՝ այս մասին հայտարարել է «Անկախ Սիրիայի քրդեր» ասոցիացիայի ղեկավար Աբդուլազիզ Թեմոն: Նա նշել է, որ առաջին փուլում Թուրքիայում Աֆրինի բնակիչներից մոտ 1000 մարդ է մարզվելու Աֆրինում ծառայություն իրականացնելու համար: Ըստ նրա՝ մարզումները տևելու են 3-6 ամիս:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Աֆրին շրջանում մոտ ապագայում կառավարիչ են նշանակելու և նաև նշանակելու են մի քանի այլ մարդկանց շրջանի գործոդիր ղեկավարումը իրականացնելու համար: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը և Անկարային աջակցող զինյալները քրդական ուժերից Աֆրին քաղաքի կենտրոնը գրավել են մարտի 18-ին:
Թուրքական կողմը, փաստացիորեն, ոչ միայն ռազմական առումով է գրավում Սիրիայի Աֆրին շրջանը, այլ այնտեղ արդեն փորձում է իր համար ցանկալի անձանցից կազմված քաղաքական համակարգ ներդնել: Միևնույն ժամանակ, Անկարան բազմիցս հայտարարել է, որ Սիրիայում գործողությունները չեն ավարտվելու միայն Աֆրին շրջանում, այլ դրանք ներառելու են նաև քրդերի բնակեցված այլ տարածքները, այդ թվում նաև Մանբիջը: