Մարտի 22-ին, զինյալների առաջին խմբերը Սիրիայի կառավարության հետ ձեռք բերած պայմանավորվածության շրջանակներում դուրս են եկել Դամասկոսի արվարձան Արևելյան Ղուտայից: Զինյալների հետ դուրս են բերվել նաև նրանց ընտանիքների անդամները. ընդհանուր՝ շուրջ 5000 մարդ: Հայտնում են ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստին» և «Ինտերֆաքսը»:
Զինյալների և նրանց ընտանիքների անդամների տարհանումը կատարվում է Սիրիայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի» օգնությամբ: Կենտրոնի հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Զալատուխինը հայտարարել է, որ «հումանիտար միջանցքների» շրջանակներում Արևելյան Ղուտայից դուրս է բերվել 86123 մարդ:
Մինչ օրս եղել է նմանատիպ 23 «հումանիտար միջանցք»: Վերջին միցանցքը բացվել է փետրվարի 28-ին, որի ընթացքում դուրս է բերվել 8003 մարդ:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Սիրիայի բանակն ազատագրել է Արևելյան Ղուտայի 65 տոկոսը: