Մարտի 22-ին Հայաստանի ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին: Նրանք քննարկել են հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կարողությունների հզորացման հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱԻ ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման ուղիները, հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի տեխնիկական աջակցության և վերազինման գործընթացը, արտակարգ իրավիճակներում կանխարգելիչ և հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ փորձի փոխանակման և կադրերի վերապատրաստման հնարավորությունները:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության և Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի, ինչպես նաև՝ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության վարչության միջև 2017–ին ստորագրված համագործակցության պլաններին:
Համագործակցության պլաններով նախատեսված է ապահովել տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում և տեղեկատվության փոխանակում, համատեղ ուսումնավարժությունների անցկացում, վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում և արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում: