Մարտի 22-ին հայտնի է դարձել, որ թուրքական «Բայքար» ընկերությունը Թուրքիայի զինուժի սպառազինությանն է հանձնել ևս 8 միավոր «Բայրաքթար» (Bayraktar TB2) անօդաչու թռչող սարք: Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Մատակարարվել են ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային տարբերակներ: Հարվածային տարբերակները կարող են կրել միանգամից 4 հրթիռ, զինուժին մատակարարված տարբերակները համալրված են թուրքական «Ռոքեթսան» ընկերության MAM-L և MAM-C հրթիռներով:
Դրանք մասնավորապես մատակարարվել են երկրի ցամաքային զորքերին: Ըստ աղբյուրի՝ նախապես պլանավորված էր, որ դրանք զինուժին են հանձնվելու այս տարվա հունիսին, սակայն մատակարարումն ավելի շուտ է արվել:
Այս մատակարարումներով Թուրքիայի ուժային կառույցներում Bayraktar TB2 ԱԹՍ-ների թվաքանակը հասավ 46-ի: Դրանցից 34-ը առկա է Թուրքիայի զինուժում, 6-ը ժանդարմերիայի հրամանատարությունում, 6-ն էլ անվտանգության գլխավոր տնօրինությունում (ոստիկանություն):
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը, ըստ պաշտոնական տվյալների, Սիրիայի Աֆրին շրջանում կորցրել է 1 «Բայրաքթար» ԱԹՍ: Քրդական YPG-ն այս ԱԹՍ-ից խոցել է փետրվարի 12-ին:
«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․
- Գործողության շառավիղը՝ 150 կմ,
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը՝ 50կգ,
- Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
- Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
- Թևերի բացվածքը՝ 12 մ,
- Երկարությունը 6,5 մետր,
- Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։
Անօդաչուի հարվածային տարբերակը կարող է կրել նաև UMTAS հրթիռներ: Հրթիռն ուղղորդվում է լազերային ճառագայթով, խոցման առավելագույն հեռահարությունը 8000 մետր է, նվազագույնը՝ 500, տրամաչափը՝ 160 մմ, երկարությունը՝ 1800 մմ, զանգվածը 37,5 կգ է։