Չնայած ամերիկյան կողմի հերքումներին՝ մարտի 22-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշղօլուն կրկին հայտարարել է, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Սիրիայի Մանբիջ քաղաքի հարցում հատուկ մոդել կիրառելու հարցում: Չավուշօղլուն այս հայտարարությունն արել է թուրքական պետական «Անադոլու» գործակալության հաղորդումներից մեկի ժամանակ:
«YPG-ն Մանբիջից դուրս է գալու: YPG-ի գնալուց հետո Թուրքիան և ԱՄՆ միասին են գործելու այստեղ: Անվտանգության հարցում էլ միջոցառումները միասին են անելու…: Երկրորդ փուլում էլ քննարկվելու են, թե ինչպես է այն ղեկավարվելու և ով է այնտեղ ղեկավարելու», — հայտարարել է Չավուշղօլուն:
Dışişleri Bakanı Çavuşoğlu, AA Editör Masası'nın konuğu
[Canlı Yayın] Dışişleri Bakanı Çavuşoğlu, AA Editör Masası'nın konuğu #FacebookLive
Posted by Anadolu Ajansı on Thursday, March 22, 2018
Ըստ նրա՝ Մանբիջի ղեկարման և անվտանգության պահպանման հարցում «կարևորվել է հատկապես ժողովրդավարական պատկերը»: Թուրքական կողմը պնդում է, որ Մանբիջը գլխավորապես արաբներով բնակեցված քաղաք է, և քրդերը այստեղ քիչ դեր են կատարում:
Չավուշօղլուն նշել է, որ այդ մոդելը կիրառելու են նաև Ռաքքայում, Եփրատի արևելքում: Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ եթե Մանբիջի նման Սիրիայի հյուսիսային մյուս հատվածներում այդ մոդելը, նախագիծը չկիրառվի, հնարավոր է գործողությունները շարունակվեն: Չավուշօղլուն նաև չբացառեց գործողությունները Իրաքի հյուսիսում՝ Սինջարում, Քանդիլում:
Սակայն, մարտի 20-ին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը հերթական բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի Մանբիջ քաղաքի հարցում Թուրքիան և Միացյալ Նահանգները որևէ համաձայնության չեն հասել:
Նշենք, որ մարտի 21-ին, Թուրքիայի նախագահը և արտգործնախարարը հայտարարել են, որ իրենց հաջորդ թիրախը Սիրիայի Մանբիջն է, սակայն դրանով չեն սահմանափակվի, կշարունակեն ռազմագործողությունները քրդերի վերահսկած բոլոր տարածքներում:
Ամերիկյան կողմը դաշնակցում է Մանբիջում և Մանբիջից արևելք տեղակայված քրդական ուժերի հետ՝ նրանց օգտագործելով նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Թուրքական կողմը մշտապես իր դժգոհություն է հայտնում այս համագործակցության հետ կապված և ԱՄՆ-ից բազմիցս պահանջել է դադարեցնել աջակցությունը քրդական ուժերի հետ:
Թուրքիայի արտգործնախարարն այս խնդիրների շուրջ քննարկումների համար պետք է հանդիպեր ԱՄՆ արդեն նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, սակայն ԱՄՆ նախագահը նրան ազատեց զբաղեցրած պաշտոնից: Այժմ պարզ չէ, թե կողմերն ինչպես համաձայնության կհասնեն, քանի որ միայն Մանբիջում մեծ թվով ամերիկացի զինծառայողներ կան:
Ներկայում Թուրքիայի զինուժը շարունակում է դեռ գործողությունները սիրիական Աֆրին շրջանում: Մարտի 18-ին թուրքական կողմը գրավել է Աֆրին քաղաքի կենտրոնը: