Երեկ՝ մարտի 21-ին, Եմենում գործող Հութի շիայական խմբավորումը հրապարակել է տեսանյութ, որտեղ պնդում են, թե «ՀՕՊ համակարգով» խոցել են Սաուդյան արաբիայի օդուժի F-15 կործանիչ: Հութիներն օգտագործել են խորհրդային արտադրության Ռ-27Տ «օդ-օդ» դասի հրթիռ՝ ցամաքից:
#Yemen
I ribelli #Houthi hanno colpito con un missile un F-15 saudito vicino Sa'da. pic.twitter.com/ahKU4znzmy— Ermes News (@ermes_news) March 21, 2018
Տեսանյութից հստակ հնարավոր չէ եզրակացնել, թե արդյոք սաուդական ռազմական ինքնաթիռը խոցվում է, թե ոչ:
Shouth Front կայքը հիշեցնում է, որ հութիները նման փորձեր էլի են կատարել: 2017 թ. Եմենի շիայական խմբավորումը հայտարարել էր, որ Ռ-27 հրթիռները տեղակայել են ցամաքային կայանի վրա և կօգտագործեն որպես «ցամաք-օդ» դասի հրթիռ:
Ավելին՝ հութիները մի քանի անգամ արդեն փորձարկել են համակարգը: Հոկտեմբերին Հութիները կարողացել էին այս հրթիռով խոցել ամերիկյան MQ-9 Reaper խոշոր անօդաչու թռչող սարք:
Ի տարբերություն ԱԹՍ-ի՝ ինքնաթիռների վրա փորձարկումները մինչ այս հաջող չէին: Նախորդ տարվա մայիսին հութիներն այս հրթիռով չէին կարողացել խոցել սաուդական F-15, իսկ հունիսին՝ Միացյալ արաբական Էմիրությունների օդուժի F-16 կործանիչ:
Ըստ Shouth Front-ի տվյալների՝ նախկինում «օդ-օդ» հրթիռները «ցամաք-օդ» դասի վերածելու քայլեր իրականացրել էին սերբերը: Սակայն սերբական կողմը, ի տարբերություն հութիների, նաև հրթիռի արձակման արագացուցիչներ էր օգտագործել:
Հիմնական խնդիրն այն է, որ հրթիռի առավելագույն հեռահարությունը՝ մինչև 50 կմ, հաշվարկված է այն դեպքում, երբ հրթիռն արձակվում է արդեն իսկ բավականին մեծ արագությամբ շարժվող ինքնաթիռից: Ցամաքային թիրախից արձակելու դեպքում հեռահարությունը և արագությունը նվազում են: