ՀՀ ԶՈւ որոշ դիրքեր «Կորդ» գնդացիրներ են ստացել. Այդ դիրքերում ապագայում ժամկետայիններ չեն լինի. գնդապետ

ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի հրամանատարը հայտնել է, որ առաջնագիծը համալրվել է «Կորդ» գնդացիրներով: Գնդապետ Սողոմոն Խաչատրյանը նաև նշել է, որ ապագայում առաջնագծի այդ ուղղությամբ սահմանին ժամկետային զինծառայողներ չեն լինելու, հերթապահելու են միայն պայմանագրայիններ: 

Գնդապետի հետ զրուցել է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:

«Կորդը» ռուսաստանյան արտադրության 12,7 մմ տրամաչափի գնդացիր է, որի խոցման հեռավորությունը 2000 մ է: Նախատեսված է հիմնականում հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման, թեթև զրահապատված մարտական տեխնիկայի և կրակային միջոցների դեմ պայքարի համար:

12.7 մմ տրամաչափի «Կորդ» գնդացիր

12.7 մմ տրամաչափի «Կորդ» գնդացիր

«Այժմ սահմանային վիճակը համեմատաբար հանգիստ է: Վստահաբար կարող եմ նշել, որ վերջին ամիսների ամենախաղաղ շրջանն է:

…Հակառակորդը երբեմն փորձում է գնալ թեժացման, բայց նման քայլերը միշտ զսպում ենք: Նրանց անկանոն կրակոցներին պատասխանում ենք մեկ-երկու դիպուկ կրակոցով, ու վե՛րջ, ամեն ինչ խաղաղվում է:

Վերջերս էլ թեթև պատժիչ գործողություն իրականացրինք հենակետերից մեկում ինժեներական աշխատանքներ կատարող մեր զինծառայողներից մեկի վիրավորվելուց հետո:»,– նշել է զորամասի հրամանատարը:

Հրամանատարի խոսքով՝ առավել նպաստավոր դիրք զբաղեցնելու նպատակով կառուցվել է նոր հենակետ, որտեղից հակառակորդի միանգամից երեք դիրք հայկական կողմի տեսադաշտում է, վերահսկվում են ճանապարհները, ենթակառուցվածքներն ու հարձակման հավանական ուղղությունները:

«Լուծվել է պայմանագրային ստորաբաժանումներում տեղացիների ծառայելու հարցը: Գյուղի բնակիչներից կազմել ենք աշխարհազորի խմբեր, որոնք անհրաժեշտության դեպքում ծառայություն են իրականացնում գյուղերի շրջակայքում, լրացուցիչ պաշտպանություն ապահովում:»,– հայտնել է գնդապետը:


ՀՀ ՊՆ-ն հրապարակել է բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը, որում նշվում է, որ նախատեսվում է զորակոչը պահել որպես զինված ուժերի համալրման հիմնական եղանակ, սակայն դրան զուգահեռ սերժանտական հաստիքներ ներդրնել, ինչի արդյունքում մարտական հերթապահությունն իրականացնող անձնակազմն աստիճանաբար համալրել առավելապես պայմանագրային զինծառայողներով:

2018-ի սկզբին  ՀՀ ԶՈւ մեկ այլ զորամասի հրամանատար նույնպես հայտնել էր, որ առաջնագծի պաշտպանությունը կազմակերպվում է մեծապես պայմանագրայինների ուժերով:

Իսկ շատ ավելի վաղ՝ դեռևս 2017-ի գարնանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հայտնել էր, որ 2017-ին բանակային զորամիավորման հրամանատարությունը մտադիր է «դիրքերից իջեցնել» ժամկետային զինծառայողներին:

Այդ պահին, գնդապետի խոսքով, մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի 70 տոկոսն արդեն իսկ պայմանագրային էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *