Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Մանբիջի հարցում որևէ համաձայնություն չկա. Պետդեպարտամենտի խոսնակ

Մարտի 20-ին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը հերթական բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի Մանբիջ քաղաքի հարցում Թուրքիան և Միացյալ Նահանգները որևէ համաձայնության չեն հասել:  Փոխանցում է պետդեպարտամենտի կայքը:

Ավելի վաղ թուրքական կողմը մի քանի անգամ հայտարարել է, որ կողմերը հայաձայնության են եկել Մանբիջի հարցում: Մասնավորապես մարտի 13-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները»՝  YPG-ն, դուրս է գալու Մանբիջ քաղաքից, որից հետո քաղաքի վերահսկողությունը իրենց վրա են վերցնելու թուրք և ամերիկացի զինծառայողները: Նշենք, որ ներկայում էլ Մանբիջում առկա են ամերիկացի զինծառայողներ:

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ըստ նրա՝ կողմերը նման համաձայնության են եկել մարտի 8-9-ին Վաշինգտոնում անկացված  Սիրիայի հարցով Թուրքիա-Միացյալ Նահանգներ տեխնիկական կոմիտեի առաջին հանդիպման ընթացքում:

Այնուհետև, սակայն, հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հրամանով պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլլերսոնի փոխարեն նշանակվել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին ղեկավար Մայք Պոմպեոն: Թուրքական կողմն էլ հայտնեց, որ այս փոփոխության պատճառով Մանբիջի հարցով Թուրքիա-ԱՄՆ բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները Աֆրինում քրդական YPG-ի դեմ գործողություններ են սկսել հունվարի 20-ից: Մարտի 18-ին Թուրքական կողմը հայտնեց Աֆրին քաղաքի կենտրոնը գրավելու մասին:

Միացյալ Նահանգները Սիրիայի քրդական ուժերին համարում է իր դաշնակից «Իսլամական պետության» դեմ պայքարում և մշտապես ռազմական աջակցություն է ցուցաբերում այդ ուժերին: Թուրքական կողմը այս աջակցությունը սվիններով է ընդունում՝ ԱՄՆ-ին մշտապես մեղադրելով «ահաբեկիչներին» աջակցելու համար:

Ամերիկյան կողմն էլ մշտապես Թուրքիայի կոչ է անում կենտրոնանալ ԻՊ դեմ պայքարի վրա և նաև «սահամանափակել» Սիրիայի Աֆրին շրջանում գործողությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *